Բրազիլիայի իշխանություններն այլևս տվյալներ չեն հրապարակում երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի վերաբերյալ:
Associated Press գործակալության փոխանցմամբ, կայքի աշխատանքը, որտեղ Բրազիլիայի առողջապահության նախարարությունը վիճակագրություն է հրապարակում COVID-19-ի դեպքերի վերաբերյալ, խափանվել է ուրբաթ օրը: Շաբաթ օրն այն նորից հասանելի է դարձել, սակայն առանձին նահանգներում և, ընդհանուր առմամբ, երկրում, վարակվածների ընդհանուր թվի վերաբերյալ տվյալներ չեն եղել: Այժմ տեղեկություններ կան միայն վարակի դեպքերի ամենօրյա աճի վերաբերյալ:
Բրազիլիայի նախագահ Ժաիրր Բոլսոնարուն Twitter-ի իր էջում հաղորդել է, որ նախորդ վիճակագրությունը թույլ չէր տալիս գնահատել երկրում տիրող իրավիճակը, իսկ ամենօրյա տվյալները օգնում են ճիշտ տեսնել պատկերը և որոշումներ կայացնել:
Ավելի վաղ Բոլսոնարուն հայտարարել էր, որ Բրազիլիան կարող է դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) այն բանից հետո, երբ ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը նախազգուշացրել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով մտցված սահմանափակումները հանելու հարցում ավելորդ շտապողականության մասին: Բրազիլիայի նախագահը կարծում է, որ COVID-19-ը ավելի վտանգավոր չէ, քան սովորական գրիպի վիրուսը, և դեմ է երկրում կարանտինային միջոցառումների ներդրմանը:
Այժմ Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսով հիվանդների թվով. երկրում գրանցված է վարակի 672 846 դեպք, մահացել է 35 930 մարդ:







































