Պիկին մոտենալու կամ հասնելու մասին ենթադրություններ անել պետք չի, որովհետև դեռ անհասկանալի է՝ հասել ենք պիկին, թե ոչ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զենյալյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ ռեկորդային թվով վարակման դեպքեր են գրանցվել՝ 500-ից ավելի:
«Բարձր թվերը, ենթադրում եմ, թեստերի բարձր թվերի հետ է կապված: Օրինակ, նախօրեին արվել էր 600-ից մի փոքր ավելի թեստ, և թեստավորվածների 30 տոկոսի մոտ դրական էր պատասխանը: Ըստ էության, երեկվա տվյալները ևս թեստավորման թվերի հետ է կապված: Այստեղ հարցն այլ է, բոլոր միջազգային կազմակերպությունները, բոլոր երկրները, բոլոր գիտական հետազոտությունները մեկ ցուցում են տալիս՝ որքան հնարավոր է շատ թեստ անել և թեստերի քանակը կարելի է համարել բավարար, եթե հայտնաբերելիությունը 10 տոկոսի սահմանում է: Այսինքն՝ այնքան թեստ անել, որ դրանց մեջ դրական պատասխան ունեցողները 10-13 տոկոս կազմեն: Հիմա ռազմավարությունը պետք է գնա այնպես, որ հնարավորինս ավելացվի թեստերի քանակը»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ սա տոտալ սահմանափակումներ մտցնելու միակ այլընտրանքն է: