«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրամիության՝ ընդարձակման և Արևելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Ստեփան Ֆյուլեի այն հայտարարությանը, որ Եվրամիությունը ուզում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրում և պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանը վերականգնելու համար՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Սարո Սարոյանն ասաց.
«Այստեղ ավելի շատ կողմերին հակելու խնդիր կա այն առումով, որ միջազգային հանրությունը նաև ֆինանսական խնդիրները իր վրա կարող է վերցնել՝ նպաստելով հակամարտող կողմերին գնալ հարցի կարգավորմանը»։
Փորձագետի խոսքով՝ սա չի կարող դիտվել իբրև ճնշում ԵՄ-ի կողմից. «Սա ավելի շատ օժանդակություն է, որը կնպաստի կողմերին ընդհանուր հայտարարի գալ», ապա հավելեց.
«Միջազգային կառույցներն իրականում տնտեսական շահեր են հետապնդում։ Հետագայում թե՛ Ռուսաստանին շրջանցող էներգետիկ ծրագրերը, թե՛ հայ-թուրքական հաշտեցումը իրենց տնտեսական ռեսուրսներ են բերելու։ Եվ այդ շահերն են պահանջում, որ ամեն նպաստավոր պայման ստեղծեն, որպեսզի կողմերը գնան հաշտության»։









































