Լիբիայի ապստամբներն ուրբաթ օրը գրոհել են Տրիպոլիում Մուամար Քադաֆիի հրամանատարական կենտրոնի վրա, որի հետևանքով լուրջ վիրավորվել է Քադաֆիի բարձրաստիճան կողմնակիցներից մեկը` հետախուզության ղեկավար Մանսուր Ալ-Քահսին: Այս մասին նախօրեին լրագրողներին ասել է Բենղազիում ապստամբների Անցումային ազգային խորհրդի փոխվարչապետ Ալի Ալ-Իսավին:
«Տրիպոլիի բնակչությունը նույնպես պատրաստ է միավորվել մեզ հետ այս բռնարար ռեժիմի դեմ: Երեկ Տրիպոլիում գրոհ է կազմակերպվել Քադաֆիի օպերատիվ կենտրոնի հետ: Նրա կողմնակիցներից մի քանիսը վիրավորվել են, մեկը` բավականին լուրջ»,- ասել է Իսավին Հռոմում Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինիի հետ հանդիպման ժամանակ: Նա նաև հավելել է, որ գրոհի ժամանակ այդ շենքում են եղել նաև Քադաֆիի որդին` Սայֆ Ալ-Իսլամը և վարչապետ Բաղդադին Մահմուդին:







































