Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը համաշխարհային հանրությանը կոչ է արել խիստ ուշադրություն դարձնել Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գրանցված երեխաների բորբոքային համախտանիշին, որը զարգանում է կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին:
Տարբեր երկրներում արդեն մի քանի երեխաներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում՝ բազմահամակարգ բորբոքման պատճառով, որը որոշ առանձնահատկություններով հիշեցնում է Կավասակի հիվանդությունը և տոքսիկ շոկային համախտանիշը:
ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս համախտանիշը կարող է կապված լինել կորոնավիրուսի հետ:
Ըստ նրա, շատ կարևոր է, որ մասնագետներն արագորեն մանրամասն բնութագրեն այս կլինիկական համախտանիշը և նկարագրեն դրա պատճառները:
Ավելի վաղ France-Presse-ը հաղորդել էր, որ Ֆրանսիայում գրանցվել է այդ համախտանիշից երեխայի մահվան առաջին դեպքը: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում ֆիքսվել է այս հիվանդության առնվազն 15 դեպք:
Նյու Յորքի նահանգում, վերջին մի քանի շաբաթների ընթացքում, հիվանդանոցներ են տեղափոխվել նմանատիպ ախտանիշներով առնվազն 64 երեխա: Մեծ Բրիտանիայում ևս դեպքեր են գրանցվել:
Միևնույն ժամանակ, հիվանդ երեխաների մի մասի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, մյուսների մոտ՝ ոչ:










































