«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վեթինգի սկզբունքների վերաբերյալ փաթեթ է մշակել և տվել կառավարությանը այն ժամանակ, երբ կառավարությունը հայտարարեց, որ համատարած վեթինգի է անցնում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ իրենք փորձել են աջակցել կառավարությանն այդ ծրագրի իրականացման գործում:
Դիտարկմանը, որ արդարադատության նախարարը օրերս հայտարարեց, որ համատարած վեթինգը կարող է բացասական ազդեցություն ունենալ, ավելին, այն հնարավոր չէ առանց Սահմանադրությունը փոխելու, Տարոն Սիմոնյանն ասաց. «Իմ տպավորությունն այն է, որ կառավարությունն ի սկզբանե չէր կողմնորոշվում, թե ինքն ինչ է ուզում անել դատական համակարգի հետ: Անցած տարվա գործողությունններն ու իրադարձությունները դրա վկայությունն են, երբ անցումային արդարադատության մասին խոսվեց, դատարանները շրջափակելու քայլեր արվեցին»,-ասաց ԼՀԿ պատգամավորը:







































