Ռուսաստանի Կամչատկայի տարածքում գտնվող Կիզիմեն հրաբուխը երեկ կրկին ժայթքել է՝ մթնոլորտ արտանետելով մոխրի մեծ քանակություն: Սրանից հետո գիտնականները սկսել են խոսել իրադարձությունների աղետալի ընթացքի մասին: «Մոխրի շլեյֆը ձգվում է ավելի քան 15 կմ դեպի արևելք»,- ասել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Երկրաֆիզիկոսները նաև արձանագրել են, որ հրաբխի խառնարանում նկատվում են անոմալ ջերմային փոփոխություններ: Օրվա մութ ժամերին նկատելի են հրաբխից դուրս հորդող լավային հոսքեր: Մասնագետները նշում են, որ Կիզիմենն ավելի հզոր ժայթքման նախաշեմին է, և չեն բացառում, որ խառնարանի պայթյունը կարող է աղետալի լինել:






































