Վրաստանի չորս խոշոր քաղաքներ՝ Թբիլիսին, Ռուսթավին, Քութաիսին և Բաթումին այսօրվանից կրկին փակվում են:
Նախօրեին, ժամը 21:00-ին, լրացել է երկօրյա ժամկետը նրանց համար, ովքեր ցանկանում էին վերադառնալ իրենց փաստացի բնակության վայր և մուտք գործել կամ դուրս գալ այդ քաղաքներից:
Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումիի և Քութաիսիի մուտքի և ելքի բլոկպոստեր և խիստ հսկողություն է սահմանվել ապրիլի 15-ից՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:
Երկրի կառավարության կողմից մտցված սահմանափակումների վերացման առաջին փուլն ուժի մեջ է մտել ապրիլի 27-ին, երբ թույլատրվել է ավտոմեքենաների և տաքսիների ազատ տեղաշարժը, ապրանքների առաքումը և առցանց առևտուրը: Միևնույն ժամանակ, երկրում գործող պարետային ժամը չի չեղարկվել: Քաղաքացիներին արգելվում է փողոցում գտնվել երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն:
Վրաստանում ապրիլի 29-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 517 դեպք, ապաքինվել է 168 մարդ, մահացել է 6 հիվանդ: