Արցախում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների, ստացված 100-ից ավելի բողոքների հիման վրա առ այսօր հարուցված քրեական գործերով որևէ մեղադրյալ ներգրաված չէ։ Այս մասին բարձրաձայնում է Արցախում դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «20-ից ավելի գործ կա հարուցված (զգալի մասը մեր հաղորդումների հիման վրա), բայց գեթ մեկ մեղադրյալ չկա: Էլ ձերբակալված կամ կալանավորվածների մասին չեմ խոսում: Քրեական գործերը վերաբերում են կրկնաքվեարկության, այլ անձի փոխարեն քվեարկության, քվեաթերթիկների կարուսելի, քաղաքապետի կողմից քարոզչության խոչընդոտման, վարչական ռեսուրսի չարաշահման, քվեաթերթիկների լուսանկարահանման, ոստիկանության կողմից ընտրողների ցուցակներում կեղծիք կատարելու ու դրանք չհրապարակելու, ինչպես նաև բազմաթիվ ու բազմապիսի այլ դեպքերի: Հանցագործությունների մի մասը թարմ են, մի մասն արդեն մի ամիս է, ինչ քննվում են»,- նկատում է Իոաննիսյանը։
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ զարմանալի կլիներ, որ այդ քրեական գործերով որևէ լուրջ բացահայտում լիներ, ու որևէ մեկը պատասխանատվության ենթարկվեր, որովհետև ամեն ինչ եղել է նախապես պլանավորած, կազմակերպված։ «Չի լինելու նման բան, մոռացեք, որ որևէ ընտրախախտում իրականացրած անձ պատասխանատվության ենթարկվի։ Չի լինելու նման բան, որովհետև այդ ընտրախախտումները ընթանում են արդեն 1.5 տարի հայտնի քաղաքական ուժերի ու քաղաքական դեմքերի կողմից։ Նրանք անօրեն կերպով 1.5 տարի զբաղվել են ընտրախախտումներով, գումարներ են բաժանել բացեիբաց։
Ընտրակեղծարարությունները սկսվել են 1.5 տարի առաջ և այդքան ժամանակ ընթացել են, ու որևէ մեկը դրան չի արձագանքել, չի բարձրաձայնել դրա մասին, երևի բացի ինձանից։
Բացի դրանից՝ ՀՀ նոր իշխանությունները իրենց հերթին լեգիտիմացրել են դրանք՝ աչք փակելով այդ ապօրինությունների վրա։ Օգոստոսի 5-ին վարչապետը խոստացավ, որ ամեն ինչ անելու է, որ ընտրությունները անցկացվեն ազատ ու անկախ, սակայն ամեն ինչ արվեց, որ Արցախում լինեն այնպիսի ընտրություններ, ինչպիսին դեռ չեն եղել։ Մասնավորապես, գումարները բաժանվել են նոր ձևով, չեն կատարվել առաջվա նման բռնություններ, մարդկանց ահ ու սարսափի մեջ չեն պահել, բանակն ու անվտանգության մարմինները բիրտ ձևով չեն ներգրավվել այդ պրոցեսում»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, սակայն, որ դրա փոխարեն տարիներ շարունակ այդ պրոցեսներում եղած անձինք վերաբաժանել են գործողությունները հմուտ ձևով՝ մարդկանց ուղղորդելով, որ ընտրությունը պետք է կատարել իշխանության և, այսպես կոչված, ընդդիմության միջև։ Իսկ այսպես կոչված ընդդիմությունը, ըստ Բադասյանի, ստեղծել էին Արցախի իշխանությունները։ «Օրինակ՝ Մասիս Մայիլյանը, որը նույնպես, այսպես կովված, ընդդիմություն էր և ստեղծված էր իշխանությունների կողմից, և պարզ է, որ նրա հետևորդները, խախտումներ թույլ տված անձինք, չեն հետապնդվի։ Սամվել Բաբայանի հետևորդները հաստատ չեն հետապնդվի, և մյուս քաղաքական աղբերի հետևորդները։
Իսկ ես նրանց քաղաքական աղբ էի ասել, որովհետև նրանք մինչև հիմա իշխանություն էին, որը աղբ էր։ Մյուսը ընդդիմություն էր խաղացել մինչև հիմա, որը նույնպես քաղաքական աղբ է։ Մյուսները դրածոներ են եղել։ Դրածոներն էլ ֆինանսավորվել են նրանց կողմից։ Բա ինչու 14 թեկնածու եղավ, բա նրան ով էր գումար տվել, որ ընտրագրավ մուծեր, նրանք շտաբեր են բացել, գրասենյակներ։ Այսինքն՝ մարդկանց համար դա աշխատատեղ է եղել, և ես սա ավելի կոպիտ կեղծիք եմ համարում, քան ընտրության օրը տեղամասում քվեաթերթիկը լուսանկարելը, կամ երկու անգամ քվեարկելը»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ այդ ամենի մասին շատ լավ գիտեին նաև Հայաստանի իշխանությունները, բայց աչք փակեցին այդ ամենի վրա, քանի որ կար պայմանավորվածություն, որպեսզի անպայման վերարտադրվի հին իշխանությունը Արցախում։ «Այսինքն՝ նրանք կիսել էին՝ Հայաստանում նոր իշխանություն, Արցախում՝ հին։ Հին իշխանություններն էլ ամեն ինչ արեցին, որ հանկարծ իրական ընդդիմությունից որևէ մեկը չընտրվի, խորհրդարան ընդդիմությունից մարդ չգնա, ու իրենք 100 տոկոսով հաղթեն։ Խորհրդարան անցած ուժերից Սամվել Բաբայանը ընդդիմություն չէ, հին իշխանությունից է, Վիտալի Բալասանյանը ընդդիմություն չէ, նա վերջերս էր իշխանությունից դուրս եկել ու սկսել փողեր բաժանել, որ համակիր ունենա։ Դաշնակցությունը և մնացածն էլ ընդդիմություն չեն։ Եթե նախորդ խորհրդարանում մեկ իրական ընդդմիադիր կար, որը Հայկ Խանումյանն էր, այսօր նա էլ չկա»,- ընդգծեց Բադասյանը՝ ավելացնելով, որ ներկայումս էլ որևէ մի քվեաթերթիկ լուսանկարողի նկատմամբ քրեական գործ հարուցելը աչքակապություն է։










































