Թեև կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետությունները մշակում են սեփական ռազմավարությունը, փորձում են սեփական ուժերով հաղթահարել դժվարությունները, սակայն բախվում են մի շարք այնպիսի խնդիրների, երբ կարիք է լինում նաև այլ պետություններից աջակցություն ստանալ։ Հայաստանն այս առումով բացառություն չէ և առ այս պահը ստացել է օգնություն Եվրամիությունից, ԵՄ առանձին անդամ երկրներից, ԱՄՆ-ից և մի շարք այլ պետություններից: «Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է այս դժվարին պահին և շարունակելու է աջակցել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Եվրոպական միությունը Հայաստանի աջակցությանը կցուցաբերի համակարգված մոտեցում ԵՄ անդամ պետությունների հետ միասին՝ որպես Team Europe: Համատեղ ուժերով մենք կհաղթահարենք առկա մարտահրավերները, քանի որ միասին մենք ուժեղ ենք»,- այս մասին հայտարարել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Ուշագրավ զուգադիպությամբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այս բարդ ժամանակահատվածում Հայաստանին գազի գինը բարձրացնելու ցանկություն է հայտնում։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերից կարելի է ենթադրել, որ դա կապված է Հայաստանում ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի հետ։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի հետ համեմատականը տեղին չէ։ Նա նշեց, որ Հայաստանին օգնություն է եղել նաև Ռուսաստանից՝ երկու ինքնաթիռ՝ շարժական լաբորատորիայով և թեստերով. «Ամեն մեկն իր բաժինն է արել։ Ես հասկանում եմ քաղաքական շահարկումներն այս հարցի շուրջ, բայց խնդիրը պետք է իրական փաստերի վրա դիտարկենք։ Հիմա մարդիկ այդ օգնությունը մեզ ցույց էին տալիս, որ քաղաքական կախվածությո՞ւն ձեռք բերենք։ Մենք էլ ենք մարդասիրական օգնություններ ցույց տվել՝ նույն Սիրիային, մեր զինվորները գնացել ականազերծման աշխատանքներին են մասնակցել, բժիշկներ են իրենց ծառայությունը մատուցել։ Հիմա ասենք՝ մենք դա հումանիզմի՞, թե՞ քաղաքական կախվածության համար ենք արել։ Հարցին պետք է նայենք հետևյալ կերպ՝ արդյոք ամբողջ աշխարհում տեղի ունեցող այս աղետի պայմաններում երկրները շահադիտակա՞ն նպատակով են դա անում, թե՞ անում են, որովհետև կարող են և ուզում են օգնել»։
Պողոսյանն ընդգծեց՝ պետք է գիտակցենք, որ քաղաքական շահարկումները գեղեցիկ չեն ու տեղին չեն։
Արդյոք այդ դժվար պայմաններում Ռուսաստանը բարեկամակա՞ն մոտեցում է ցույց տալիս Հայաստանին՝ ցանկություն հայտնելով բարձրացնել գազի գինը. «Գազի գինը միշտ էլ քաղաքական խնդիր է եղել, բայց արդյոք երբ կորոնավիրուսը չկար՝ չէի՞ն բարձրացնում։ Մի քանի ամիս առաջ այս հարցը ևս կար։ Մենք պետք է դիտարկենք Լավրովի ասած նախադասությունը՝ երբ գալիս է դաշնակցային հարաբերությունները գիտակցելու պահը, ու ցանկանում եք գազի գնի հետ կապված արտոնություններ ստանալ, հիշեք, որ մենք էլ շատ խնդիրներ ունենք։ Ես հասկանում եմ այսպես՝ ներքին դաշտում խնդիրները բարձրաձայնվել են, բայց չեն ընկալվել, որ Հայաստանը համապատասխան վերաբերմունք է ցույց տվել։ Երբ ես դեռ ԱԺ պատգամավոր էի, նորից գազի գնի հարցը կար. ես ասացի՝ մի բան գիտակցեք՝ ամեն երկիր միջազգային հարաբերություններում իր շահերով է առաջնորդվում, այնտեղ չկա արժեքային համակարգ, կա շահերի համակարգ։ Ու եթե մենք ցանկանում ենք, որ գազի գինը չդառնա Հայաստանի դեմ իրականացվող գործիք որևէ երկրի կողմից՝ Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, Իրան, պետք է կարողանանք գիտակցել, թե ինչպիսի տնտեսություն ենք ձևավորում։ Երբ մեզ գազ պետք լինի, չնայենք՝ դրա գինը 165 է, թե 400։ Դրա համար ներսում պետք է շատ բան փոխենք՝ ինչպիսի տնտեսություն ստեղծենք, որ բոլորը ներգրավված լինեն, ոնց անենք, որ մեր գիտնականները այնպիսի գյուտեր հորինեն, որ մեզ գազն ընդհանրապես չհետաքրքրի, այլ աղբյուրներ ունենանք։ Գազը մշտապես քաղաքական հարաբերությունների խնդիր է լինելու։ Մեր շահերի խնդիրը ավելի երկարատև ու համակարգված պետք է լինի։ Սրա մեջ մտնում է ոչ միայն գազի գինը, այլ նաև անվտանգության խնդիրները»։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ խնդիրը հումանիզմն ու համատեղ պայքարը պետք է լինեն, քաղաքական շահարկումներից պետք է խուսափենք. «Հիմա պետք է հասկանանք՝ ինչ անենք, որ Հայաստանը գազի գնից կախվածություն չունենա։ Չէ՞ որ Լավրովը մի փոքր փակագիծ բացեց՝ ասաց, որ նույնիսկ գազի գինը, որ ժամանակին մեր սահմանին ամենաէժանն էր, սպառողին թանկ էր հասնում։ Դա էլ արդեն մեր ներքին խնդիրն է։ Վրաստանն ավելի թանկով էր գնում, բայց սպառողի համար ավելի մատչելի էր։ Հիմա սա պետք է մտածենք, ոչ թե՝ ինչի են գազի գինը մեր դեմ օգտագործում՝ իրենց շահերից ելնելով։ 1-2 տարուց ավելի է՝ խոսում են, որ Իրանը պատրաստ է ավելի մատչելի տալ, բա ինչո՞ւ մինչև հիմա չկա։»։








































