Հյուսիսային Կորեայի պետական ռադիոն երկրի քաղաքացիներին հաղորդել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վարում է «ակտիվ գործունեություն» ՝ չնայած նրա մահվան մասին լուրերին: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
Գործակալության խոսքով՝ ապրիլի 26-ի առավոտյան պետական ռադիոյով հնչել է հաղորդագրություն այն մասին, որ «ընկեր Կիմ Չեն Ընը աշխատողներին և աշխատակիցներին իր երախտագիտությունն է փոխանցել , ովքեր օգնել են կառուցել Սամչժիյոն քաղաքը», սակայն թե ինչ կերպ է նա արտահայտել իր ողջույնը՝ հյուսիսկորեական ԶԼՄ-ները չեն ասել:
Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներից այլ հաղորդագրություններ Կիմ Չեն Ընի գործունեության վերաբերյալ այսօր չեն ստացվել:
Ավելի վաղ Հոնկոնգի HKSTV արբանյակային հեռարձակման ընկերության փոխնախագահ Ցին Ֆենը Weibo սոցիալական ցանցի իր էջում հաղորդել էր Կիմ Չեն Ընի մահվան մասին: Նրա խոսքով` այդ տեղեկությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի «հեղինակավոր» աղբյուրը:
Ճապոնական ԶԼՄ-ները ևս հաստատում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սրտի վիրահատությունից հետո գտնվում է «վեգետատիվ վիճակում»:
Համաձայն չհաստատված վարկածներից մեկի` Կիմ Չեն Ընը մահացել է սրտի անհաջող վիրահատությունից հետո: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ վիրաբույժի ձեռքերն ուժեղ դողացել են:










































