| Ապրիլի 21-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի շուրջ քսան դատապարտյալներ ու կալանավորներ հացադուլ էին հայտարարել։ Վերջիններիս հացադուլի պատճառները տարբեր են։ Նրանք հիմնականում իրենց քրեական գործերի վերանայման պահանջ են դնում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված։ Հացադուլ հայտարարած դատապարտյալների ու կալանավորների պաշտպանները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ իրենց պաշտպանյալների բողոքի ակցիան միայն կորոնավիրուսով պայմանավորված չէ։ Հացադուլավորները այդ կերպ ուշադրություն են հրավիրում նաև գրավի ինստիտուտի կամայական կիրառման, պայմանական վաղակետ ազատ արձակման ինստիտուտի հետ կապված։ Հացադուլ հայտարարած Նորայր Շահվերդյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրված 316 հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է 0-5 տարի պատժաժամկետ, բայց ստացվում է, որ եթե տվյալ անձին պահում ենք անազատության մեջ մինչև վերջնական դատական ակտը, ապա ստացվում է, որ դատավորը, որը որ պետք է վերջնական դատական ակտ կայացնի, կաշկանդվում է արդեն իսկ անձի՝ անազատության մեջ գտնված ժամանակահատվածի փաստով, որովհետև, եթե դատավորը, ասենք, որոշի արդարացնել, կամ 6 ամիս ժամկետով անազատության դատապարտել անձին, բայց տվյալ անձը արդեն մոտ 1 տարի անազատության մեջ է, ապա դատավորը ստիպված անձին դատապարտում է ավելի մեծ ժամկետով կամ այնքան, որքան տվյալ անձը գտնվել է անազատության մեջ։ «Այստեղ խոսքը գնում է նրա մասին, թե ինչ հոդվածով է անձը կալանավորվում և ինչ հոդվածով է գրավ առաջադրվում։ Պրակտիկայում հանդիպել է, որ տարբեր դատավորներ նույն հոդվածի համար մեկին կալանք են տվել ու մերժել գրավի կիրառումը, մեկ այլ դատավոր գրավ է կիրառել։ Այսինքն՝ գրավի ինստիտուտի կիրառումը բավականին խնդրահարույց է այսօր Հայաստանում։ Հստակ չէ, թե որ դեպքերում է գրավ կիրառվում, որ դեպքերում՝ ոչ»,- ասաց Ճարոյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը կոնկրետ անազատության մեջ է գտնվում նախորդ տարվա օգոստոսից, և եթե դատավարությունն ավարտվի, ապա դատավորը նվազագույնը 1 տարի պատժաչափ պետք է տա, որը չէր տա, եթե անձը գտնվեր ազատության մեջ։ «Այսինքն՝ բողոքի պահանջը ոչ միայն անձի խնդիրն է, այլև գրավի ինստիտուտը կանոնակարգելու մասին է»,- ընդգծեց փաստաբանը։ Դիտարկմանը, թե ինչու են 18-20 կալանավոր ու դատապարտյալ միանգամից հացադուլ հայտարարել ու բարձրաձայնել այդ խնդիրները, որոնք նոր չեն, Ճարոյանը նկատեց, որ գուցե դրան նպաստել է նաև կորոնավիրուսի համաճարակի վտանգը։ Այս փուլում պաշտոնական հայտարարություններ եղան, որ դատարանները խուսափեն համատարած կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց և փոփոխեն արդեն իսկ կալանավորված անձանց խափանման միջոցը՝ կախված հանցագործությունների տեսակից։ «Բնականաբար, դա նպաստել է, որ նրանք նման պահանջ դնեն, համախմբվեն այդ պահանջի շուրջ։ Վաղը գուցե հացադուլավորների թիվն ավելանա, կամ պակասի։ Չգիտեմ»,- եզրափակեց փաստաբանը՝ ավելացնելով, որ իր պաշտպանյալը շարունակում է մնալ հացադուլի մեջ։ Մեր զրուցակից փաստաբանները նշեցին, որ իրենց պաշտպանյալների պահանջները ևս նույն շրջանակից են, ինչպես նաև պայմանական վաղակետ ազատ արձակման ինստիտուտի հետ կապված, գրավի չափի ու կիրառման հետ են կապված։ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ տեսակցել է հացադուլ հայտարարած բոլոր դատապարտյալներին, զրուցել նրանց հետ, հորդորել դադարեցնել հացադուլը՝ խոստանալով տարբեր ատյաններում քննարկել նրանց բարձրացրած պահանջները։ Բաբաջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անհատապես եղել է հացադուլավորների խցում, լսել բոլորի գործերը և պատրաստվում է առաջնահերթության կարգով զբաղվել նրանց գործերով։ Բաբաջանյանը նշեց, որ համավարակով պայմանավորված՝ դատապարտյալների ու կալանավորների մոտ ազատության մեջ հայտնվելու հույս է արթնացել, որից նրանք հիմա փորձում են օգտվել։ «Խնդիրներ կան, կազուսներ կան հատկապես պայմանական վաղակետ ազատ արձակման ինստիտուտի հետ կապված։ Մի կողմից դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի, ծառայության կողմից բնութագրվում է որպես դրական, կարգապահական խախտումներ թույլ չի տվել, որը կարող է նրան թույլ չտալ օգտվել պայմանական վաղակետ ազատ արձակվելուց, բայց մյուս կողմից մեկ էլ գալիս է դատարանի մերժումը։ Այս անհեթեթ իրավիճակը նորանոր խնդիրներ է առաջացնում և արդարացի հարցադրումներ է առաջ քաշում քաղաքական իշխանության առաջ։ Մենք պայմանական վաղակետ ազատ արձակելու ինստիտուտը պետք է կայացնենք, որպեսզի այն չկրի ձևական բնույթ, լինի օբյեկտիվ, և դատապարտյալները կարողանան օգտվել այդ հնարավորությունից։ Եթե խնդիրը լուծվի, մենք նման խնդիրների, նման մասշտաբների հացադուլներ չենք ունենա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հաջորդ խնդիրներից մեկն էլ, որի համար անձինք հացադուլ են հայտարարել, դատարանների գերբեռնվածությունն է, որի պատճառով կալանավորված անձինք տարիներով սպասում են, որ իրենց գործով նիստեր կայանան ու դատավճիռ լինի։ |







































