Ուկրաինայի արտգործնախարարությունը կոչ է անում երկրի խորհրդարանի պատգամավորներին ապրիլի 24-ի նախաշեմին զերծ մնալ հայ համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառումներին մասնակցելուց և ամենակարևորը՝ հրապարակային հայտարարություններում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել: Գերագույն ռադայի «Ուկրաինա-Հայաստան» բարեկամության խմբի փոխնախագահ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Դարյա Վոլոդինան Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է փոխարտգործնախարար Վասիլ Բոդնարի ստորագրությամբ պաշտոնական գրության պատճենը. «Մեր երկրի մոտեցումն այս հարցում անփոփոխ է՝ Ուկրաինան չի ճանաչում «Հայոց ցեղասպանությունը»»: Դարյա Վոլոդինան քննադատել է այս նամակը՝ նշելով, որ արդեն դիմում-հայտարարություն է պատրաստվել, որը կստորագրվի ուրբաթ օրը՝ ինչպես խմբի անդամների, այնպես էլ այլ պատգամավորների կողմից. «Այդ փաստաթղթում կոչ է արվում Ուկրաինայի ԱԳՆ-ին կա՛մ հետ կանչել այդ նամակը, կա՛մ դրանում շտկումներ մտցնել՝ ներողություն հայցել: Նաև հնարավոր է ԱԳ նախարարի տեղակալի նկատմամբ ծառայողական քննություն տարվի, որն իրեն թույլ է տվել, իմ կարծիքով, ոչ դիվանագիտական արտահայտություններ»։
Այս հայտարարությունը քննադատել են նաև Ուկրաինայի հայերը: «Ուկրաինայի հայերի համար Ցեղասպանությունը և Հոլոդոմորը ընդհանուր ողբերգություն են, և այդ հանցագործությունները չճանաչելու ցանկացած կոչ մենք համարում ենք ցեղասպանության շարունակություն»,- ասվում է Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական Արման Աբովյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր համար Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Բոդնարի հայտարարությունը զարմանալի չէր: «Շատ պարզ է ու հստակ է։ Ես երկար տարիներ աշխատել եմ Ուկրաինայում ու գիտեմ, որ այնտեղ լուրջ բալանսավորման խնդիր կա։ Բոդնարը ավելորդ անգամ ցույց տվեց Ուկրաինայի առաջնահերթությունները։ Ինձ համար սա զարմանալի չէ, տեղյակ լինելով Ուկրաինայի քաղաքական եռուզեռին՝ նման մի բան սպասվում էր»,- ասաց նա։
Շարունակելով՝ մեր զրուցակիցն ընդգծեց մի քանի կարևոր փաստարկ. «Բացասականն այն է, որ բավականին ուժեղ է թուրքական ու ադրբեջանական աշխարհաքաղաքական ազդեցության գործոնը։ Այն ունի օբյեկտիվ պատճառներ։ Իսկ դրականն այն է, որ Ուկրաինայում կա հետխորհրդային տարածքի ամենաուժեղ, ամենակուռ ու լուրջ հայկական համայնքի գործունեություն. Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, Կիևի հայկական համայնքը՝ Նորիկ Գևորգյանի ղեկավարությամբ։ Կան բազմաթիվ ռեգիոնալ կառույցներ, որոնք միշտ առաջին պլան են մղել Հայոց ցեղասպանության խնդիրը։ Մենք այստեղ ունենք շատ պարադոքսալ իրավիճակ, երբ Ուկրաինայի պետական ապարատը փորձում է ամեն կերպ զերծ պահել որակավորումներից, իսկ Ուկրաինայի հասարակությունը՝ գիտական, քաղաքական շրջանակները, որոնք իշխանությունների հետ չունեն առնչություն, կանգնած են ճշմարտության ու արդարության հիմքերի վրա»։
Եզրափակելով՝ Աբովյանը նշեց, որ ուշադրությամբ ուսումնասիրում է ուկրաինական մամուլը, սոցցանցերը՝ մեծ ալիք է բարձրացված Ցեղասպանության հետ կապված. «Մտավորականները, գիտնականները երբեք չեն հերքել Ցեղասպանությունը. մենք պետք է շատ հստակ տարանջատենք քաղաքական ուղղվածությունը հասարակական տրամադրություններից։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել միլիոնավոր ազնիվ ուկրաինացիներին, ովքեր մեզ հետ այս ցավը կիսում են, նաև հայկական համայնքներին, որոնք այս ընթացքում շատ ակտիվ ու լուրջ աշխատանք են իրականացրել»։
Երևանի մամուլի ակումբի նախագահ, նախկինում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արտաքին գործերի փոխնախարարի կարգավիճակն այն չէ, որ մենք այդ հայտարարությունը գնահատենք որպես լուրջ քաղաքական դեմարշ. «Բայց այն, որ Ուկրաինան պաշտոնական մակարդակով ավելի սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ մեզ համար նորություն չէ։ Չի բացառվում, որ ինչ-որ ներքին խողովակներով այդպիսի խնդրանք կամ հորդոր է հնչել Բաքվից ու Անկարայից։ Գիտենք նաև, որ Բաքուն Ցեղասպանության հարցում Անկարայից ոչ պակաս քաղաքականություն է իրականացնում։ Այդ հորդորների կամ խնդրանքների արդյունքում է, ամենայն հավանականությամբ, եղել այս հայտարարությունը, որը ես շատ հնչեղ չէի համարի»։
Բորիս Նավասարդյանն այս հայտարարությունը կապում է նաև համավարակի տարածման վտանգների հետ, որովհետև կար ակնկալիք, որ կարող են Ուկրաինայի տարբեր քաղաքներում հանրային միջոցառումներ անցկացվել. «Մի քանի գործոն կարող էր նման հայտարարության պատճառ դառնալ»։
Մեր այն դիտարկմանը, թե այդուհանդերձ փաստ է, որ հայ-ուկրաինական հարաբերություններն այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն, քանի որ սրան էլ նախորդեց Արցախի վերաբերյալ հայտարարությունը, Նավասարդյանն արձագանքեց. «Ուկրաինան, ինչպես նաև Վրաստանը, տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ ունեցող պետությունները Արցախի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեն ու սովորաբար ավելի կտրուկ հայտարարություններ են անում ընտրությունների հետ կապված, քան այլ երկրներն ու միջազգային կառույցները։ Սա, ըստ իս, նորություն չէ։ Իհարկե, այստեղ փոխշահավետ հարաբերությունների խորությունն էլ մեծ նշանակություն ունի։ Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունները բավականին ցածր մակարդակի վրա են, և թեև բավականին շատ ջանքեր են գործարկվում առաջին հերթին համայնքի կողմից, որը վերջերս բավականին ակտիվացել է, դիվանագիտական հարաբերությունները չունեն մեծ խորություն։ Սա պայմանավորված է նաև նախկին դեսպանի աշխատանքով, որն ավելի շատ բիզնեսի ուղղությամբ ուներ հետաքրքրություններ, քան բուն դիվանագիտական աշխատանքի նկատմամբ։ Դա, բնականաբար, իր հետքերը թողնում է»։
Ուկրաինան և Հայաստանն ու այլ 4 պետություններ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անդամ են։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ուկրաինան, այսպես կոչված, առաջատար եռյակի անդամ է, ունի ստորագրած Ասոցացման համաձայնագիր։ Մեր այն դիտարկմանը, թե արդյոք հարաբերությունների այս որակը չի՞ կարող ազդել նաև Հայաստանի հանդեպ ԵՄ վերաբերմունքի, կարծիքի վրա, որը կկարևորի Հայաստանի նկատմամբ Ուկրաինայի դիրքորոշումը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Ես չէի ասի, որ Հայաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքի վրա Ուկրաինայի դիրքորոշումն էականորեն ազդում է, և եթե ազդում է, ապա միանգամայն այլ համատեքստում, քան բուն երկկողմանի վերաբերմունքի տեսանկյունից։ Ուկրաինան Արևելյան գործընկերությունում միշտ առանձնահատուկ դիրք է փորձել գրավել՝ հասկանալով, որ որպես մեծ երկիր Եվրամիության համար շատ ավելի կարևոր գործիք է, քան մնացած 5 երկրները։ Ուկրաինան միշտ առանձնացրել է իրեն, և նաև Բրյուսելում հասկանում են, որ Ուկրաինան առանձին դեպք է ԱլԳ-ում, ու պետք չէ այդ հարաբերությունների հետ պայմանավորել նաև այլ երկրների հետ հարաբերությունները։ Մյուս ուղղությունն էլ այն է, որ առանձնացվում են այն երկրները, որոնք ունեն Ասոցացման համաձայնագիր՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա։ Ուկրաինան միշտ պնդում էր, որ այդ տարբերակումը լինի էական, ու շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Այսինքն՝ միանգամից և՛ իրեն է առանձին դնում, և՛ երեք պետություններին է առանձին դնում ու այդպիսով փորձում է Ասոցացման համաձայնագիր կնքած պետությունների հարաբերությունները Եվրամիության հետ հնարավորինս տեղափոխել այնպիսի ոլորտներ, ինչպիսին անվտանգությունն է, հետագայում նաև Եվրամիությանն անդամակցությունը։ Դա միանգամայն այլ օրակարգ է ենթադրում, քան Եվրամիության հարաբերությունները անդամ մյուս երեք երկրների հետ»։
Ըստ մեր զրուցակցի՝ դա բավականին լավ հասկանում են Բրյուսելում, և այդ առումով Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վրա Ուկրաինայի դիրքորոշումը մեծ ազդեցություն չունի։







































