Եվրոպական խորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի, միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»: Փաստաթղի բովանդակությունը ներկայացրել է «Ազատություն» ռադիոկայանը։ Եվրոպացի օրենսդիրները միևնույն ժամանակ դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Արևելյան գործընկերության անդամ երկրներում: Փաստաթուղթն առաջիկայում քննարկման կդրվի Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում և, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի հավանությանը կարժանանա արդեն մայիսին, ինչից հետո հունիսի 18-ին նախատեսված է Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում։
Եվրամիության օրենսդիր մարմինն ընդգծում է, որ թեև Արևելյան գործընկերության ծրագիրը չի ենթադրում անդամակցություն, սակայն այն կարող է նպաստել Եվրամիության հետ աստիճանաբար մերձեցմանը: Որպես «ավելին»՝ եվրոպացի օրենսդիրները մասնավորապես առաջարկում են Եվրամիության և ԱլԳ երկրների միջև ստեղծել ընդհանուր տնտեսական տարածք՝ ներառյալ ծառայություններ, որոնք կնպաստեն առավել խոր տնտեսական ինտեգրմանը Եվրամիության հետ, ինչպես նաև վեց անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը: Բացի դրանից՝ առաջարկվում է վերացնել Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև ռոումինգի ռեժիմը, թույլ տալ այդ երկրներին աստիճանաբար ինտեգրվել Բրյուսելի գլխավորած էներգետիկ միությանը, տրանսպորտային համայնքին և թվային միասնական շուկային:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց՝ քանի որ Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան ԵՄ-ի հետ ունեն ստորագրած համաձայնագիր, տվյալ առաջարկն ավելի շատ ուղղված է Հայաստանին, Ադրբեջանին ու Բելառուսին։ «Քանի որ Ադրբեջանը որևէ տնտեսական միության անդամ չէ, նրա համար ավելի հեշտ կլինի ընդունել առաջարկը, խնդիրը Հայաստանն ու Բելառուսն են, որոնք ԵԱՏՄ շրջանակներից դուրս սահմանափակ հնարավորություններ ունեն, շարժվում են ԵԱՏՄ խաղի կանոններով»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ նման առաջարկը պատահական չէ. «Եվրոպացի օրենսդիրները հասկանում են, որ կորոնավիրուսը շատ հարցերի վրա «աչք բացեց»։ ԵԱՏՄ-ի շրջանակներում չկա համերաշխություն, ոչ մի աջակցություն։ Ավելին՝ Ռուսաստանը, օգտվելով մեր ծանր պայմաններից, ուզում է գազի գինը մեր և Բելառուսի համար բարձրացնել։ Եվրոպայում հասկացան, որ ԵԱՏՄ մեխանիզմները չեն հասկանում։ Հիմա մեր բեռները օրերով չեն կարողանում Վերին Լարսը հատել, շուկան չի աշխատում։ Դուք գիտեք, թե ինչ մեծ սկանդալ բարձրացրեց Բելառուսի նախագահը՝ ինչպես եղավ, որ գազը վաճառում եք 155 դոլարով, իսկ հիմա շուկայում նույնիսկ 99 դոլարից է իջել՝ մոտավորապես 80 դոլար։ Միտքս հետևյալն է՝ տարբեր երկրներ տարբեր մակարդակի համագործակցություն են հաստատել այս ընթացքում Եվրոպայի հետ, բայց հիմա, քանի որ պարզ է, որ ճգնաժամային պայմաններում ԵԱՏՄ-ն չի աշխատում, նման ուղերձ են հղում։ Բառացիորեն հետևյալը՝ ԵԱՏՄ-ն չի աշխատում, դուք կարող եք մի քանի ոլորտներում մեր հետ ավելի սերտ աշխատել։ Կրկնում եմ՝ քանի որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ, ավելի հեշտ կարող է համաձայնել, բայց նույնիսկ Հայաստանի ու Բելառուսի համար սա շատ օգտակար առաջարկ կարող է լինել»։
Մեր դիտարկմանը՝ արդյոք խնդրահարույց չի լինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր տնտեսական տարածքի մեջ լինեն, քաղաքագետն արձագանքեց. «Ճիշտ հակառակը՝ ինչքան դու ինտեգրվես նույն ինտեգրացիոն հարթակների մեջ, այդքան, ուզած-չուզած, Ադրբեջանը պետք է մեղմացնի իր քաղաքականությունը Ադրբեջանի հարցում։ Ես նկատի ունեմ առաջին հերթին Եվրամիության հետ համագործակցությունը, ու հենց սա է պատճառը, որ Ադրբեջանն ավելի ակտիվ համագործակցության չի գնում։ Իրենք հասկանում են ՝ եթե ավելի ակտիվ համագործակցեն, որը իրենց տնտեսապես ձեռնտու է, Եվրոպան պահանջ կդնի՝ պետք է մեղմ քաղաքականություն վարեն կոնֆլիկտի հարցում։ Ես գտնում եմ, որ եթե մենք ունենանք համագործակցության նույն հարթակը, այնքան ավելի լավ հակամարտության մեղմ քաղաքականության հարցում»։
Քաղաքագետն այնքան էլ լավատես չէ՝ Հայաստանը այս առաջարկից, ամենայն հավանականությամբ, չի օգտվի. «Այն, ինչ ես այսօր տեսնում եմ՝ լավատեսություն չի ներշնչում։ Փաշինյանը նորից ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ վիդեոկոնֆերանսի ժամանակ շնորհակալություն հայտնեց։ Սա ցույց է տալիս, որ մեր իշխանություններն ավելի հստակ քայլերի պատրաստ չեն։ Բայց նաև հիշում եք, որ մեր վարչապետը հեռախոսազրույց ունեցավ Բելառուսի նախագահի հետ, քննարկեց գազի գինը։ Ամեն դեպքում՝ համոզված չեմ, որ մեր իշխանությունները կտրուկ քայլերի են պատրաստ։ Ցավով պետք է նշեմ՝ Ռուսաստանին հաճոյանալու տենդենց կա, ինչը լուրջ սխալ է։ Ես Ռուսաստանում աշխատել եմ, իրենց էլիտային շատ լավ գիտեմ, գիտեմ նրանց մենթալիտետը։ Ոչ թե հաճոյախոսությանն են արձագանքում, այլ ավելի հստակ կեցվածքիդ։ Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի քայլ արեց ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ուղիղ հակառակը՝ իրեն հարգեցին։ Կարող է չեն սիրում, բայց հարգում են։ Ես կառաջարկեի Նիկոլ Փաշինյանին ոչ թե հաճոյանալ իրենց, այլ շարունակել հստակ պաշտպանել մեր սուվերենությունը։ Ցավով եմ նշում, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ է շնորհակալություններ հայտնում, դրական մեսիջներ ուղարկում Պուտինին։ Պարզապես ուզում եմ Փաշինյանին զգուշացնել՝ Պուտինի համար ինքը հեղափոխական է։Նրա համար հեղափոխությամբ իշխանության եկածներն այնքան էլ ցանկալի չեն։ Ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի այդ հաճոյանալու քաղաքականությունը»։








































