Եվրախորհրդարանը հիասթափված է Թուրքիայում օրենքի ընդունումից, որը թույլ է տալիս մարդաշատ բանտերից հազարավոր բանտարկյալների ազատ արձակել կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, բացառությամբ երկրի իշխանությունների քաղաքական հակառակորդների:
Ըստ «Եվրոպեյսկայա պրավդա»-ի, այդ մասին հայտարարել են ԵԽ-ի մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը և ԵՄ-Թուրքիա համատեղ խորհրդարանական հանձնաժողովում ԵԽ-ի պատվիրակության ղեկավար Սերգեյ Լագոդինսկին:
Եվրախորհրդարանը կարծում է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունները որոշել են գիտակցաբար վտանգի ենթարկել լրագրողների, իրավապաշտպանների և իրենց քաղաքական հակառակորդների կյանքը՝ «COVID-19 մահացու հիվանդության» ֆոնին:
ԵԽ պատգամավորները պնդում են, որ ԵՄ-ն և անդամ պետություններն իրենց թուրք գործընկերների հետ բոլոր մակարդակներով պետք է զբաղվեն այս հարցի լուծմամբ:
Նրանք նաև կոչ են արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին արագացնել քաղաքական դրդապատճառներով Թուրքիայում ձերբակալված և կալանավորված քաղաքացիների գործերով անհրաժեշտ դատավճիռների կայացումը:
Երկրի բանտերում կորոնավիրուսի տարածումը զսպելու համար Թուրքիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որը թույլ է տալիս տասնյակ հազարավոր բանտարկյալների ժամանակավորապես կամ վաղաժամկետ ազատ արձակել:
Ազատ չեն արձակվի թմրամիջոցների, սպանությունների, կանանց նկատմամբ բռնության և ահաբեկչական հանցագործությունների համար դատապարտվածները:
Օրենքը քննադատել են ընդդիմության և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, քանի որ հակաահաբեկչական օրենքներով դատապարտվել են լրագրողներ, փաստաբաններ, քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ:
Ըստ Թուրքիայի արդարադատության նախարարի, բանտարկյալների շրջանում COVID-19-ով վարակի 17 հաստատված դեպք կա, այդ թվում՝ երեք մահվան դեպք:











































