Կորոնավիրուսի համաճարակը հանրային բոլոր տրամադրություններն ու սպասումները կենտրոնացրել է գործնականում մեկ ուղղությամբ՝ սոցիալական և տնտեսական հետևանքի հաղթահարում: Այդ չափազանց կարևոր ուղղությունը, սակայն, կարող է ինչ-որ իմաստով նաև ունենալ վտանգավոր մեկ այլ հետևանք՝ շեղել իրավիճակի գնահատման կարևորագույն աշխատանքից, որը անհրաժեշտ է հանրությանը հետագա կենսագործունեության ուղենիշ տալու տեսանկյունից: Այս օրերի վիճակը հաճախ է համեմատվում 30-ականների ամերիկյան «Մեծ դեպրեսիայի» հետ՝ թե՛ տարբեր ներերկրային, թե՛ համաշխարհային մասշտաբում: Եվ համեմատությունը գուցե անմիջապես ոչ նույնական, սակայն շատ տեղին է ու դիպուկ, քանի որ իրավիճակը աշխարհում իսկապես դեպրեսիվ է, գրեթե բոլոր առումներով: Եվ ուրեմն, ի՞նչն էր կարևոր այդ դեպրեսիայի հաղթահարման տեսանկյունից: Կարևոր էր ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի զրույցը ամերիկացիների հետ:
Խոսքն այս դեպքում, իհարկե, բառի բուն իմաստով զրույցի մասին չէ, թեև կիրառվում էր հենց «Զրույց բուխարիի շուրջ» խորագիրը: Ռուզվելտը պարբերական ռադիոուղերձներ էր հղում ամերիկացիներին՝ ռադիոն ամենահասանելի և զանգվածային տեղեկատվական միջոցն էր այն ժամանակ: Ռուզվելտը զրուցում էր հանրային և պետական կյանքի կազմակերպման հեռանկարի շուրջ՝ փորձելով հանրության մեջ հաղթահարել դեպրեսիան: Ի վերջո, եթե աղքատությունը մարդկանց գլխում է՝ իսկ դա խորքային առումով իսկապես այդպես է, ու եթե կառավարության գլխավոր ջանքերից մեկը պետք է լինի աղքատությունը մարդկանց գլխից հանելը, ապա տվյալ պարագայում էլ նաև դեպրեսիան է մարդկանց գլխում՝ ճգնաժամը, ըստ այդմ կարևոր է դառնում ճգնաժամը մարդկանց գլխում հաղթահարելու ջանքը: Իսկ դա սոցիալական հատկացումները, կամ նույնիսկ քաղաքացիների հետ հեռախոսային սոցիալական երկխոսությունը չէ, ինչը, իհարկե, իր հերթին շատ կարևոր հանգամանք է: Բայց քաղաքացիները, հանրությունը ունեն հանրային, պետական կյանքի կազմակերպման շուրջ արժեհամակարգային և գաղափարական զրույցների անհրաժեշտություն՝ առաջին հերթին կառավարող ուժի, պետական առաջնորդների հետ և, բացի դրանից, նաև հանրային, քաղաքական էլիտայի:
Զրույցներ, որոնք զերծ կլինեն քաղաքական նենգափոխումներից, շահարկումներից, էժան կամ թանկ միավորներ հավաքելու առօրյայից և կվերաբերեն ապագայի կառուցման կարևոր խնդրին: Այդ խնդրի առաջ ինքն իրեն պատասխանատու պետք է համարի ցանկացած քաղաքական, պետական գործիչ: Զրույցներ, որտեղ առարկան կամ թեման նախկինն ու ներկան չէ, թալանն ու հատուցումը չեն: Դրանց մասին «զրույցները» ամեն օր են և տարբեր հարթակներում: Զրույցներ, որտեղ ապագան է, բայց ոչ թե կենացի, այլ առարկայական պատկերացումների և գաղափարների տեսքով, որոնք ուժ են տալիս ունկնդրին, որոնք ունկնդրին տալիս են էներգիա, տալիս են մտածելու, մտորելու տեղիք, հուշում են գաղափար, հնարավորություն: Այդտեղ պետք է ձևավորվի նոր Հայաստանի էլիտան:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի








































