Բաժանորդների գազի և էլեկտրաէներգիայի մասնակի փոխհատուցման վերաբերյալ կառավարության միջոցառումները փուլ առ փուլ են առաջ գնում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հարցին, թեինչով էր պայմանավորված, որ սկզբում որոշվեց փոխհատուցել փետրվարի մինչև 10 հազար դրամի գազ և 5 հազար դրամի էլէներգիա սպառած բաժանորդների ծախսը, իսկ հաջորդ օրը այդ թվերը փոփոխվեցին: «Ամեն ինչ միանգամից անել հրավաոր չէ: Այսինքն ինչի վերաբերյալ այս պահին կա կոնսենսուս, դա հայտարարվում, ընդունվում է, հետո դա լրամշակվում է: Ի սկզբանե որևէ մեկը չէր էլ մտածում, որ 5 հազար դրամ սպառում ունեցողին պետք է օգնել, իսկ 6 հազար դրամ սպառում ունեցողին պետք չի օգնել: Բնական է, արձագանքները կան և դրանք հաշվի են առնվում, բայց կոնկրետ այս դեպքում՝ ի սկզբանե որոշված էր, ուղղակի դետալները ճշգրտված չէին»,-ասաց նա:







































