Այսպիսով, Արցախում լինելու է նոր իշխանություն, կամ, ավելի ճիշտ կլինի ասել նոր կառավարություն, գոնե առայժմ, որովհետև նախագահի ընտրության պաշտոնական արդյունքով հաղթող է գործիչ, որը տասը տարի եղել է Արցախի վարչապետ և պաշտնը թողել է ընդամենը երկու տարի առաջ, այն էլ ոչ թե իշխանության հետ տարաձայնության պատճառով, այլ գործնականում քաղաքական մարտավարության շրջանակում: Այդ մարտավարությունը Արայիկ Հարությունյանին բերեց հաջողություն, նա Արցախի չորրորդ նախագահն է:
Մեծ հաշվով ակնառու է, որ Արցախի քաղաքական նոր ստատուս-քվոն ձևավորվում է Երևանի քաղաքական հավանության ներքո: Դրա մասին է վկայում դեռևս առաջին փուլից հետո վարչապետ Փաշինյանի արձագանքը, նաև դեռևս երկրորդ փուլի նախնական արդյունքը չհրապարակած՝ նախագահ Արմեն Սարգսյանի հեռախոսազրույցը Արայիկ Հարությունյանի հետ: Ինչո՞ւ է Արցախում առնվազն առայժմ անհնար խոսել նոր իշխանության մասին, այլ ընդամենը նոր կառավարության: Որովհետև դրա մասին հնարավոր կլինի խոսել այն պարագայում, երբ նոր նախագահը իր քաղաքականությամբ առարկայորեն ցույց կտա, որ իսկապես նոր է, ոչ թե անվանափոխված հին: Այստեղ սակայն, արցախյան ընտրության համատեքստում, կա թերևս մի կարևորագույն խնդիր, որն արտացոլված չէ արդյունքով, այլ առկա է ներքաղաքական միջավայրի բովանդակության մեջ:
Մասնավորապես, այսօր նկատելի է, որ Արցախում առկա գործընթացի կամ արդյունքի ընդդիմախոսությունը պիտակավորվում է թշնամական բնութագրերով: Ովքեր համաձայն չեն, հռչակվում են Արցախի թշնամի: Դա ամենավտանգավորն է, որ կարող է տեղի ունենալ Արցախում, հատկապես նոր ոչ միայն հայկական, հայաստանյան, այլ ընդհանրապես համաշխարհային իրողությունների պայմաններում:
Խոշոր հաշվով, Արցախի քաղաքական սուբյեկտությունը տարիների ընթացքում չեզոքացվել է նաև այդ իրողության շնորհիվ, երբ արցախյան հանրությանը համոզել են, որ ովքեր դեմ են առկա իրավիճակին, ովքեր քննադատում են, ովքեր բողոքի շատ թե քիչ լսելի ձայն են բարձրացնում, նրանք թշնամի են, կամ թշնամու ջրաղացին ջուր լցնող, դավադիր, և այլն:
Այդպիսով փորձ է արվել արցախյան հանրությունը դարձնել լիակատար կառավարելի, օգտագործելով անվտանգային խնդիրների հանդեպ միանգամայն հասկանալի և բնական դյուրազգացությունը: Բայց, ինչպես ցույց տվեց նաև ապրիլյան քառօրյան, թե Հայաստանում, թե Արցախում այդ ամենը տարիներ շարունակ եղել են հանրությանը մանիպուլյացնելու քայլեր, որոնց տակ անվտանգությունը ոչ միայն չի ամրացել, այլ մեծ հաշվով մնացել է լոկ բանակի ու հանրության կամավորական ջանքի վրա՝ առանց պետական կառավարման բավարար արդյունավետության:
Անկասկած է, որ Արցախի ներքին կայունությունը գերկարևոր հանգամանք է, սակայն այդ կայունության երկարաժամկետ և հուսալի գրավականը ոչ թե որևէ ընդդիմախոսություն և անհամաձայնություն շահարկումներով ու նենգափոխումներով լռեցնելն է, այլ հակառակը՝ քաղաքական իրապես բազմակարծության մթնոլորտ և համակարգ ձևավորելը, որտեղ անհամաձայնությունները չեն կուտակվի հանրության ներսում, այլ կարտահայտվեն, կիրացվեն, առանց նենգափոխված պիտակավորումների: Դա է լինելու նոր Արցախը, դա է լինելու Արցախի կայունությունը, ուժը, քաղաքական մրցունակությունը, ինչը նաև շատ կարևոր է Ստեփանակերտի սուբյեկտության երևանյան մարտավարության համատեքստում, որ թավշյա հեղափոխությունից հետո բրվել է արցախյան կարգավորման գործընթացի օրակարգ: Ստեփանակերտի, և ընդհանրապես որևէ սուբյեկտի կենսունակություն, որևէ ճանաչված կամ չճանաչված երկրի սուբյեկտություն ձևավորվում է հասարակական-քաղաքական համակարգի արդիականության, ոչ թե այս կամ այն իշխանական ստատուս-քվոյի միջոցով:







































