Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 266-ի, ապաքինվել է 67-ը: Այս մասին տեղեկացնում է Sputnik Грузия-ն՝ վկայակոչելով հիվանդությունների մոնիտորինգի հատուկ կայքը:
«Հաստատված դեպքերի թիվը 266 է, 67 քաղաքացի առողջացել է, մահացության դեպքերը 3-ն են: Կարանտինի ռեժիմի մեջ է գտնվում 4 հազար 872 մարդ»,- ասված է կայքում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ դրություն, ինչպես նաև երկրում սահմանվել է կարանտին և պարետային ժամ՝ տեղական ժամանակով երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն:
Արգելքներ են մտցվել հասարակական տրանսպորտի աշխատանքում, այդ թվում՝ մետրոյի: Արգելվում է թեթև մարդատար ավտոմեքենաներով 3 հոգուց ավելի մարդ տեղափոխելը: 70 տարեկանից բարձր քաղաքացիներին արգելված է տանից դուրս գալ, եթե չեն գնում մոտակա խանութ կամ դեղատուն: