Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 1,5 միլիոնը և շարունակում է աճել։
Մենք ամեն օր թարմ նորություններ ենք ստանում աշխարհի ամենաթեժ օջախներից։ Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Օրբելի» վերլուծական կենտրոնի տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանը պատասխանեց․ «Ինչպես նկատեցիք՝ ամբողջ աշխարհն է թևակոխել այս վիրուսը, և գրեթե չկա մի երկիր, որը շրջանցել է կորոնավիրուսը։ Ցավոք սրտի, Մերձավոր Արևելքը նույնպես այդ համավարակի կիզակետում է հայտնվել։ Ես հետևում եմ Իսրայելի, արաբական երկրների վիճակագրությունը, և իրավիճակը կորոնավիրուսի դեմ պայքարի այս ամբողջ գործընթացում տեսնում ենք, որ եթե արաբական երկրներից Էմիրություններում, Քուվեյթում իրավիճակը վերահսկելի է, ապա դա չի կարելի ասել Իսրայելի պարագայում։ Եթե չեմ սխալվում՝ այնտեղ վարակվածների թիվն այսօրվա դրությամբ մոտ է տաս հազարին։ Այնպես չի, որ այնտեղ չի վերահսկվում։ Պետությունն աշխատանքներ տանում է, բայց, ցավոք սրտի, տեսնում ենք, որ հանրության մի հատված չի ենթարկվում պետության ներկայացրած պահանջներին, չի հարմարվում արտակարգ ռեժիմին։ Այս խնդիրն իսկապես կա»։
Իրանում այսօր կան 66220 վարակված ու հազարավոր մահացած մարդիկ, սակայն մի շարք արևմտյան ինստիտուտների ու հետազոտական կենտրոնների համոզմամբ՝ այս թվերը չեն համապատասխանում իրականությանը։ Դուք ի՞նչ կարծիքի եք․ «Առաջին լրատվական»-ի հարցին Կարեն Վերանյանը պատասխանեց․ «Իսկապես այդ խնդիրը կա։ Այդ թվերը միանշանակ պետք չէ ընդունել որպես հավաստի ու իրական վիճակագրություն։ Կարող է Իրանի դեպքում այդպես լինել, որպեսզի եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, ապա ավելի մեղմ թվեր ներկայացնեն՝ հանրության շրջանում դժգոհություն չառաջանա, որովհետև առանց այդ էլ գիտենք, որ միջազգային հանրության ճնշումների ներքո Իրանի համար ձեռնտու չի՝ սոցիալ-տնտեսական առկա խնդիրներին ավելանան նաև դժգոհությունները համավարակի հետ կապված»։
Մանրամասները՝ տեսանյութում







































