ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Հանրային խորհրդի՝ որպես խորհրդատվական մարմնի ստեղծման անհրաժեշտության, հասարակության մեջ վստահության վերականգնման մասին, ասաց, որ 2009 թ. ստեղծված կառույցին որևէ գնահատական տալը վաղ է։ «Ժամանակը կարճ է ճիշտ գնահատական տալու համար։ Կայացման տարիներ էին»,- ասաց Ա.Գևորգյանը՝ նշելով, որ այս տարիների ընթացքում ամփոփվել են սոցիալական բողոքները՝ կապված դատական և այլ մարմինների հետ։
«Քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողովը ի մի բերեց կատարած աշխատանքները, և տեսանք՝ բավական գործ է արված։ Այնպես որ, եթե ասեմ՝ անբավարար է, սխալ կլինի, ընթացք է»,- նշեց Ա.Գևորգյանը՝ ընդգծելով, որ Հանրային խորհրդի առաջին գործը քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը նպաստելն է։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հանրային խորհրդի գոյությունն անիմաստ չէ՞, մանավանդ այն պարագայում, որ դրա ստեղծման անհրաժեշտությունը ամրագրված չէ Սահմանադրությամբ, Ա.Գևորգյանն ասաց, թե այդպես չէ։
«Հանրային խորհրդի անդամները սիրով եկել ու ընդգրկվել են այդ հանձնաժողովների մեջ ու աշխատում են միանգամայն անվճար։ Նրանք նվիրյալներ են, չեն վարձատրվում, շատ շահագրգիռ են և անկողմնակալ իրենց աշխատանքում։ Բացի այդ, Հանրային խորհուրդներ կան շատ զարգացած երկրներում»,- ավելացրեց նա՝ նշելով որ այդ կառույցում յուրաքանչյուրն ազատ է իր դիրքորոշման մեջ։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջարկ կա՝ ստեղծել ԱՊՀ երկրների հանրային խորհուրդների խորհուրդ, որի նպատակը կլինի նպաստել ազգամիջյան խնդիրների հարթմանը, մշակութային փոխհամագործակցությանը։







































