Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ երեկ Անկարա է ժամանել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նորանշանակ ղեկավար Դևիդ Պետրեուսը։ Սա նրա առաջին թուրքական այցն է։
Թուրքական թերթը նշում է, որ Պետրեուսը Թուրքիա է այցելել ոչ թե որպես ԿՀՎ ղեկավար, այլ՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար։ Այդ պատճառով էլ Պետրեուսը Թուրքիայում հանդիպումներ չի ունեցել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ներկայացուցիչների հետ։
Փոխարենը, Պետրեուսը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումներում կողմերը քննարկել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարը։
Քննարկվել է նաև Իրաքում ու Աֆղանստանում Թուրքիա-ՆԱՏՕ համագործակցությունը, Թուրքիայի դերն ու ներդրումն Աֆղանստանի ռազմական ու ոստիկանական ուժերի ուսուցման հարցում։
Հիշեցնենք, որ հենց երեկ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Դևիդ Պետրեուսն իր պաշտոնը հանձնել է գեներալ Ջոն Ալենին: 2010 թվականից Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերը գլխավորող Պետրեուսն այս տարվա հունիսին է նշանակվել ԿՀՎ ղեկավար:







































