Կիրակի օրը Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ, որոնք ընթացել են բազմաթիվ խախտումներով:
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ ընտրությունների ընթացքում 2 դիտորդ է մահացել: Ըստ պաշտոնական վարկածի, երկուսն էլ առողջական խնդիրներ են ունեցել: Մեկը մահացել է տան ճանապարհին, մյուսը՝ դիտորդական առաքելության ընթացքում:
Turan գործակալության տվյալներով, որոշ ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, հարձակվել նրանց վրա: Բռնություններ են գործադրվել նաև դիտորդների նկատմամբ: Ընտրատեղամասերից մի քանիսում քվեատուփերը թափանցիկ չեն եղել: Մի ընտրատեղամասից քվեաթերթիկներ են դուրս բերվել։ Մեկ այլ ընտրատեղամասում էլ երկու թեկնածուների կողմնակիցների միջև վիճաբանության պատճառով դադարեցվել է քվեարկությունը: