Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Գ.-ի գործի դատական քննությունը:
35-ամյա Աշոտ Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունիսի 7-ին, ժամը 23-ի սահմաններում Աշոտ Գ.-ն կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ իր կողմից շահագործվող «ԲՄՎ» մեքենան վարելով Երևանում՝ Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկում պտույտներ կատարելով՝ իրականացրել է «դրիֆտ» «վարժություն» և խաթարել է տրանսպորտային միջոցների երթևեկության բնականոն ընթացքը:
Աշոտ Գ.-ն ընդունել է առաջադրված մեղադրանքը և հայտնել է, թե 2019 թվականի հունիսի 7-ին, ժամը 23-ի սահմաններում «սիրողական ոճի «դրիֆտ» վարժություն» կատարելու նպատակով մեքենան վարել է Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկ, որտեղ՝ խաչմերուկի կենտրոնական հատվածի լուսավորված մասում, ոտքով մեկ-երկու անգամ սեղմել է արգելակման ոտնակը, միաժամանակ՝ արագության ոտնակը: Մեքենան բարձր ձայն արձակելով՝ պտույտներ է կատարել, և անիվներից ծուխ է արձակվել:
Ինքը գիտակցել է նման արարքի անթույլատրելիությունը, դրա համար էլ վարժությունը կատարելուց առաջ հանել էր մեքենայի հաշվառման համարանիշերը: Գիտակցում է, որ վարժությունը կատարելու ընթացքում երթևեկության մասնակից այլ մեքենաների համար խոչընդոտ է ստեղծել:
Վարժությունը կատարելուց հետո երթևեկել է Խանջյան փողոցով, ապա կայանել է մեքենան ու փորձել է տեղադրել համարանիշերը, սակայն իրեն են մոտեցել ոստիկաններն ու բերման են ենթարկել:
Աշոտ Գ.-ի կողմից «սիրողական ոճի «դրիֆտ» վարժություն կատարելու պահին ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն ուժեղացված ծառայություն էին իրականացնում, և նրանց տեսադաշտում է հայտնվել մոտ երեք րոպե տևողությամբ քաղաքի կենտրոնի բանուկ խաչմերուկում պտտվող, բարձր ձայն ու ծուխ արձակող սև «ԲՄՎ»-ն:
Երբ վարորդը մեքենան կայանել է Խանջյան փողոցում, որ տեղադրի նախապես հանված համարանիշերը, ոստիկանները մոտեցել են նրան ու բերման են ենթարկել:
«ԲՄՎ» մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի հատուկ պահման տարածք և կնիքվել է:
Վարժության կատարումը ֆիքսվել է այդ խաչմերուկում տեղադրված տեսագրող սարքերի միջոցով:
Դատարանը հաշվի է առել, որ Աշոտ Գ.-ն ընդունել է մեղքը, զղջացել է, նրա խնամքին է 4 տարեկան դուստրը:
Աշոտ Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանքի 30 հազար դրամի չափով:







































