Վերջին շրջանում Լիբանանում և Իրանում ծավալվող իրադարձությունների ֆոնին կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան։ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ հանձնաժողովը վաղը նիստ կգումարի, որին ներկա կլինեն ԱԳՆ ներկայացուցիչները, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Կքննարկվեն այդպիսի ներհոսքի դեպքում Հայաստանի անելիքները։ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Լիբանանում ծանր ֆինանսատնտեսական ճգնաժամ է և բնական է, որ ընդհանուր արտահոսք լինի՝ իբրև ճգնաժամի հետևանք։
«Պատերազմների ժամանակ խուճապային արագ արտահոսքեր կգրանցվեն, և քաղաքացիները կհայտնեն փախստականի կարգավիճակում։ Հիմա իրավիճակը նույնը չե։ Թողնել-գնալը նաև միջոցի և հնարավորությունների հետ է կապված, ինչը, մեծ հաշվով, բացակայում է։ Պետք է արձանագրել, սակայն, որ ճգնաժամից առաջ քաղաքական որոշակի անհեռանկարայնության բերումով դեպի Հայաստան արտահոսքի միտումները զգալի էին դառնում»,- ասաց նա՝ հավելելով, որ կտրուկ ավելացել են ՀՀ քաղաքացիության դիմումները, բնակարան վերցնելու դեպքերը, և ընդհանրապես այցերը։
«Չէի ասի, որ մասսայական երևույթ է, բայց միտումները հետզհետե ավելի զգալի են դառնում։ Կառավարությունը կարող է հատուկ դյուրություններ և ծառայություններ տրամադրել հայրենադարձներին։ Պաշտոնապես հայտարարվել է թե՛ համահայկական օրակարգի ձևավորման և թե՛ հայրենադարձությունը առաջնային պլան բրելու հրամայականի մասին։ Պետք է մշակել ու հաստատել օրենքը։ Իրադարձությունները հուշում են, որ հայրենադարձության միտումները կարող են շատանալ․ խնդիրը հիմնականում կապված է նաև աշխատատեղերի, աշխատանքի, աշխատավարձի ծավալների հետ։ Կարծում եմ՝ մեր երկրի տնտեսության զարգացումը հիմնական մղիչ ու շարժիչ գործոն կհանդիսանա հայրենադարձության օրակարգի առարկայացմանը»,- ասաց Շահան Գանդահարյանը։
Հայրենադարձությունը, նրա խոսքերով, պետք է ընկալել համալիր հղացքով՝ բարձրագույն ուսում ստանալ, բնակարան վերցնել, հողատարծք գնել, հաճախակի այցելել, դրամատներում հաշիվ բացել, քաղաքացիություն ստանալ, մասնագիտական ծրագրերի մասնակցել՝ այս բոլորը հայրենադարձության ժամանակակից հղացքի մաս են կազմում և աստիճանական առաջնորդում են դեպի հիմնական հայրենադարձություն։
Իրանում տագնապ չկա, որ այսպիսի իրավիճակ պարտադրի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։ Նա նշեց, որ Երևանում քայլելիս կարելի է տեսնել, որ սփյուռքահայեր կան Հայաստանում, որոնք տարիների ընթացքում եկել և հաստատվել են։ Նա նշեց, որ Իրանից Հայաստան մեծ ներհոսք չի ծրագրվում։ «Ես, իհարկե, չեմ ցանկանում, որ Իրանում որևէ տագնապային իրավիճակ առաջանա, որի հետևանքով նման տեղաշարժ լինի: Իհարկե, ցանկացած հայ որդի ունեցող մարդու երազանքն է, որ հայերը մեկ տեղ լինեն, և հայրենիքի կանչը բոլորին պիտի տուն բերի: Սա այլ ցանկություն է, և հայրենադարձությունը պիտի լինի բոլորի նպատակը: Բայց կա ճշմարտություն և իրականություն: Իրականությունն այն է, որ համայնքը ապրում է իր բնականոն հունով, ժողովուրդը վաստակում է իր ապրուստը, և այնպիսի տագնապային վիճակ չէ, որ ժողովուրդը արտագաղթի»,- հավելեց Քեշիշյանը: Նրա խոսքերով՝ տեղափոխվելու համար մարդ պետք է վստահ լինի, որ ինչ պայմաններ այստեղ ունի, նույնն այդտեղ կլինի, պետք է բնակվելու և մի շարք այլ հարցեր կարգավորի, որպեսզի կարողանա լուծում տալ իր խնդիրներին: «Այստեղ մարդիկ ունեն իրենց աշխատանքն ու եկամուտը, որով կարողանում են իրենց կյանքը դասավորել և տնտեսել: Չեմ կարծում, որ այսօր, Հայաստան տեղափոխվելով, մարդիկ կկարողանան նույն պայմաններով ապրել: Կարծում եմ՝ նույնն էլ Լիբանանում է. ոչ բոլորը կկարողանան նույն պայմաններով Հայաստանում ապրել: Իհարկե, եթե մարդ ուզում է լավ ապրել, պետք է նեղություն քաշի: Սա ուրիշ հարց է: Նաև սա չի նշանակում, որ Հայաստանում պետք է ամեն բան պատրաստ դրված լինի, որ մարդ վերադառնա Հայաստան, բայց նաև չպետք է բարդացնի վիճակը: Չպետք է այնպիսի վիճակ լինի, որ մարդ հայտնվի փողոցում կամ այնպիսի բարդ իրավիճակում, որ փախնելու ճանապարհներ փնտրի: Սա ցավալի կողմն է: Այնպես որ, մարդուն խրախուսել գալ, որ հետո պիտի հետ գնա, շատ անընդունելի բան է: Բայց եթե կարողանան աշխատանքով ապահովել մարդկանց, սա շատ ողջունելի և քաջալերելի է»։







































