Անցած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գտնվել է մի քանի ընտանիքների, հաշված թվով օլիգարխների, մենաշնորհների սեփականատերերի տիրապետության տակ, ինչը աղետալի հետևանքներ է ունեցել պետության կայացման գործում: Հասցված վնասի մասշտաբները չափելու փորձեր չեն արվել, այդուհանդերձ օլիգարխներին իրենց անօրինական գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու մասին խոսակցություններ եղել են: Թեմայի շուրջ «Առաջին լրատվականի» հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը:
Թեպետ այսօր պետության կողմից հովանավորյալ անհատներ չկան բիզնես միջավայրում, այդուհանդերձ շուկայի կառուցվածքը շարունակում է մնալ օլիգարխիկ, շուկայի այսպիսի յուրացվածության ու հագեցվածության պայմաններում ազատ մրցակցություն օբյեկտիվորեն անհնար է: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արման Բոշյանը նշեց. «Նախկինում խոչընդոտվում էր պետության կայացման պրոցեսը: Հեղափոխությունից հետո ներքաղաքական կյանքի վրա օլիգարխիայի և կլանային համակարգի ազդեցության ռիսկերը չեզոքացվել են, իսկ ինչ վերաբերում է տնտեսական հետևանքներին, արհեստական խոչընդոտներ չկան շուկա մուտք գործելու համար, բայց եթե կան բնական խոչընդոտներ, ապա դրանց էության և հաղթահարման ճանապարհների վերաբերյալ իրենց տեսակետները կարող են հայտնել տնտեսագետները»:
Սուրեն Սահակյանի խոսքով՝ թեև շուկան համարվում է ազատ, բայց կենտրոնացված կապիտալը, որ կար, միայն նախկին օլիգարխներին, ապօրինի սեփականություն կուտակած անձանց է հնարավորություն տալիս ավելի արդյունավետ և կարևոր դեր ստանձնել շուկայում, նրանք ավելի մեծ հնարավորություն ունեն:
Ս. Սահակյանի դիտարկմամբ՝ այսօր էլ օլիգարխներ կան. «Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է: Նա ունի բիզնես և լծակներ այդ բիզնեսի վրա ազդելու, այսինքն՝ ԱԺ-ում մի ամբողջ խմբակցություն հնարավորություն ունի տնտեսության որոշ ճյուղերի վրա ազդելու»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































