ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կտրուկ դեմ է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն: Նա նման տեսակետ հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՝ հավելելով , որ իշխանություններն այդկերպ այլ հարց են լուծում:
«Մենք դեմ ենք նման կարգի փոփոխություններին, որովհետև կարծում ենք, որ կիսանախագահական կառավարման համակարգը Հայաստանի համար ամենալավ տարբերակն է, և, վերջին հաշվով, սահմաանդրությամբ չեն պայմանավորված այն բոլոր չարիքները, որ կան մեր երկրում:
Հակառակը՝ եթե կիրառվեն սահմանադրության բոլոր դրույթները, և իշխանությունը որպես բարձրագույն օրենք ու ուղեցույց դիտի սահմանադրությունը, ես կարծում եմ մեր երկրում բավականին դրական բարեփոխումներ կլինեն»:
Լյուդմիլա Սարգսյանն ավելացրեց, որ այդ փոփոխությունները մի նպատակի են միտված՝ որքան հնարավոր է պահպանել իշխանությունը գուցե այլ ձևաչափով, այլ պաշտոնի ձևով, բայց նպատակն ուղղված չէ ՀՀ քաղաքացու կյանքի բարելավմանը, այլ ռեժիմի վերարտադրմանն ու պահպանմանը»:
Տիկին Սարգսյանից հետաքրքվեցինք նաև, թե ի՞նչ տպավորություն է ստացել Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից, որը ևս քննադատեց սահամանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը: Հնարավոր է՝ այդպես իշխանություններին քննադատելով՝ ինչ-որ փուլում միանա իրենց ու Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջի․ «Ես նման բան չեմ տեսնում, չունեմ նման տպավորություն: Մենք գնում ենք մեր սեփական քայլերով, այստեղ դերակատարները խորհրդարանում քաղաքական ուժերն են: Կարծիքները կարող են տարբեր լինել, այդ հնարավորությունը տեսանելի չէ, մեզ համար՝ նաև անընդունելի է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։











































