Սերժ Սարգսյանի արարքների պատճառով հիմա Աշոտ Նավասարդյանը գերեզմանում հոլի նման պտտվում է: Եթե մեկին մի հատ ասում ես «փըշտ», ու նա իր դիրքորոշումը փոխում, է, կարելի է էլի մի անգամ «փըշտ» ասել, ու էլի կփոխի: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կարո՞ղ են իրենց փոքրաթիվ ուժերով դիմակայել Եվրասիական տնտեսական միությանն ու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:
Անդրադառնալով ապրիլի 29-ին Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ Մինսկում ստորագրվելիք փաստաթղթին՝ Հայրիկյանն ասաց. «Սա շատ խորհրդանշական բան է. ուղիղ 40 տարի առաջ ապրիլի 29-ին ես ԿԳԲ-ի բանտում էի, հարցաքննվում էի, արդեն երկու տարի ստացել էի: Հետաքրքիր է, որ Հայաստանի անկախության առաջնորդին ապրիլի 29-ին ներկայացրին նոր մեղադրանք, որով ինձ սպասվում էր 10-15 տարի ազատազրկում՝ 10 տարի կալանք և 5 տարի աքսոր: Ես խորհրդանշական ընդհանրություն եմ տեսնում: Այն ժամանակ դատախազն ինձ ներկայացրեց, իհարկե՝ ԿԳԲ-ի հետ միասին, հիմա նույն ԿԳԲ-ի շարունակողներն են ինձ ներկայացնում:
Ինչ վերաբերում է նրան, որ դեպքերը կարող են զարգանալ, և մի փոքր դժվար լինի, կարող եմ ասել հետևյալը. 70 տարի բոլշևիկյան լծի տակ էինք, բայց դա չխանգարեց, որ մի խումբ խենթեր, ընդամենը 5 հոգի, ստեղծեն ԱԻՄ-ը և սկսեն Հայաստանի անկախության պայքարը հանրաքվեի ճանապարհով: Հիմա մենք ավելի լավ վիճակում ենք, ուղղակի լավ կլիներ, որ չթողնեինք՝ դեպքերն այնքան խորանան, որ հետո ստիպված չլինեինք տեղի ունեցած սխալներն ուղղել»,-ընդգծեց Հայրիկյանը:
«Սատանան խավարն է ընտրում, ազնիվ մարդը՝ լույսը, Սերժ Սարգսյանն ընտրեց խավարը: Նա ընտրել է այն, ինչին ինքն արժանի է: Ամենավատն այն է, որ նա կարողացել է ստորացնել ու ստրկացնել մի հսկայական զանգվածի, որը կոչվում է ՀՀԿ: Եթե այդպիսի սխալների համար Աշոտ Նավասարդյանը պիտի աջից ձախ պտտվեր իր գերեզմանում, հիմա նա հոլի նման պտտվում է: Այս ի՞նչ է կատարվում, սա՞ է Հանրապետական կուսակցությունը, սա՞ է այսպես կոչված՝ ազգային քաղաքական ուժը»,- ընդգծեց Հայրիկյանը:
«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, որ վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանն ակտիվացել է, հարցազրույցներ է տալիս, շատերը խոսում են նրա վերադարձի մտադրության, նաև իշխանափոխության մասին, Հայրիկյանն արձագանքեց.
«Դե, իշխանափոխության մասին խոսելը շատ շուտ է, մանավանդ ինքնանպատակ իշխանափոխության մասին: Եթե խոսում ենք իշխանության վերադառնալու մասին, պարզ չի՞, որ Քոչարյանի նման կարիերիստն ու Մարտի 1-ի հանցագործը պիտի աշխատի իրեն ապահով զգալ: Հիմա եթե Սերժ Սարգսյանն իր նախկին գործընկերն է, ու ապահով է, վաղը կարող է՝ մի արդարամիտ հայ գա իշխանության, ուստի Քոչարյանն իր ապահովության ձևերից մեկը վերադարձն է համարում:
Բացի այդ, նա ընչաքաղց արարած է, երկիրը «գույք պարտքի դիմաց» հնարովի ծրագրով հանձնեց Ռուսաստանին, հիմա էլ մտածում է՝ դե, միլիարդի տեր եմ դարձել, կարող եմ նաև կրկնապատկել կարողությունս»։
Հայրիկյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը բացասական հայի մի բացառիկ կերպար է, և եթե նա նախագահական ընտրություններին մասնակցի, ու լինի մի այլ արժնապատիվ մրցակից, ինքը լավագույն նվերը կլինի այդ մրցակցի համար:
«Բայց ամենայն դաժանությամբ նրանք սովոր են գումարով աշխատել, մարդկանց ընչազուրկ դարձնել, հետո գումար տալ ու ասել՝ ընտրիր, որ գոնե մի քիչ լավանա վիճակդ: Բայց ես հավատում եմ, որ մեր աշխատանքը արդյունք կտա: Ես փորձ ունեմ, ավելի անհուսալի պայմաններում աշխատել եմ ու հաջողության հասել: Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը մենք կփակենք, չնայած Մաքսային միության շրջանակներում դա շատ դժվար է լինելու»,- ընդգծեց Հայրիկյանը։









































