Ուրբաթ օրը Հյուսիսային Կորեայում հանդիսավոր հավաքներով, միտինգներով, համերգներով և սպորտային մրցումներով ազգային տոն են նշում՝ Կորեայի ազգային բանակի ստեղծման օրը, հայստնում է ITAR-TASS-ը:
Այս տարի այդ օրվա կապակցությամբ մեծ ռազմական զորահանդես չի լինի: Փխենյանի բնակիչները, ավանդույթի համաձայն, ծաղիկներ են դնում քաղաքի կենտրոնում Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի հսկայական արձանների մոտ: Առավոտից գերեզմաններ զանգվածային ուխտագնացություն է սկսվել, այդ թվում՝ 1950-1953 թթ. կորեական պատերազմի ժամանակ զոհված զինվորների գերեզմաններ: Զոհերի հիշատակը հարգել են Փխենյանում ներկայացված ռազմական կցորդները Ռուսաստանից, Չինաստանից, Վիետնամից, Կուբայից, Իրանից և Եգիպտոսից:
Տոնին նվիրված հանդիսավոր հավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Կորեայի ազգային բանակի գեներալ Լի Յոն Գիլը նշել է, որ Կորեայի թերակղզում «լարված մթնոլորտը պահպանվում է ամերիկացի իմպերիալիստների և խամաճիկային ուժերի՝ Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված անխոհեմ գործողությունների պատճառով»: Նա նախազգուշացրել է, որ «Հյուսիսային Կորեայի անխախտ տարածք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ թեկուզ 0,001 մմ ներխուժման դեպքում նրա բանակն ու ժողովուրդն անխնա կերպով աշխարհի երեսից կմաքրեն ագրեսորներին և կհասնեն հայրենիքի վերամիավորմանը»:
Տեղի ԶԼՄ-ների պնդմամբ՝ 1932-ին Կիմ Իր Սենի ստեղծած կորեական բանակը ներկայումս «վերածվել է անհաղթ զինված ուժերի»: Հիմնական նշանաբանները, որոնք հիմա բոլորի շուրթերին են, հետևյալներն են՝ «Ժողովուրդն ու բանակը միասնական են» և «Երկիրը վերածենք անառիկ ամրոցի»:







































