«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ իրենց համար ավարտվում է նոր իշխանության աջակցության փուլը, և իրենք 2020 թվական են մտնում որպես արմատական ընդդիմություն: Նա հայտարարել է, որ գործող իշխանությունն անկարող է եղել իրացնել հեղափոխությունն ամբողջությամբ, և իրենց նպատակն է ձևավորել ազգային ժողովրդավարական բևեռ՝ իրական սպիտակների բևեռ, որի նպատակը պետք է լինի հեղափոխությանը տեր կանգնելը: Վարուժան Ավետիսյանը խոսել է այն մասին, որ այդպիսով հակադրվելու են «սևերի» միջև կոմֆորտ զոնայում գտնվող Նիկոլ Փաշինյանին:
Ի՞նչ է ստացվում՝ «Սասնա ծռերի» համար Նիկոլ Փաշինյանն այլևս «սպիտակ» չէ՞, եթե կուսակցությունը հայտարարում է սպիտակների բևեռ ձևավորելու մտադրության ու հաստատակամության մասին: Միևնույն ժամանակ, սակայն, «Սասնա ծռերի» այդօրինակ դիրքավորումը պայմանավորված է բնականաբար ընդդիմության համար ծավալվող պայքարի սրությամբ, որտեղ բավական հավակնոտ են նախկին իշխանությունը ներկայացնող ուժերը: «Սասնա ծռերը» շտապում է՝ չուշանալու համար, հատկապես 2020 թվականի կարևորության մասին քննարկումների ֆոնին:
Մյուս կողմից՝ «Սասնա ծռերի» այդ դիրքավորումը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ «սևերի» հանդեպ կոմֆորտ դիրքի, իր հերթին կարող է ոչ թե նվազեցնել, այլ ավելացնել վարչապետի կամ կառավարող ուժի կոմֆորտը՝ հաշվի առնելով այն, որ «Սասնա ծռերի» քաղաքական, այսպես ասած, հիմնական այցեքարտը եղել է նախկին իշխող համակարգի դեմ արմատական դիրքավորումը, և այն հազիվ թե փոխվի առաջիկա ներքաղաքական դասավորություններում:
Միևնույն ժամանակ տեսանելի ապագայում իշխանությանը լիարժեք արմատական քննադատություն հնչեցնելու հարցում բացառիկ անկաշկանդություն ունենալու է միայն նախկին իշխանությունը: Ահա այդ իմաստով «Սասնա ծռերի» «սպիտակ» արմատականությունը Նիկոլ Փաշինյանի համար մեծ հաշվով առաջացնելու է գրեթե նույնքան խնդիր, որքան առաջացնում է «սև» արմատականությունը: Իսկ «սև» արմատականությունը մեծ հաշվով չի առաջացնում գրեթե ոչ մի էական խնդիր, և այդ «անվտանգությունը» էլ ավելի կընդլայնվի «սպիտակ» արմատականության ի հայտ գալով:







































