Ցեղասպանության զոհերի հուշահամալիր տանող ճանապարհին՝ Մարզահամերգային համալիրին հարող տարածքում, այսօր՝ ապրիլի 24-ին, նախորդ տարվա համեմատ, միայն արևածաղիկ վաճառողներն էին բացակայում: Ծաղկավաճառները, հյութեր ու բուտերբրոդներ վաճառողները տեղում էին: Այս տարի նրանց էին միացել նաև մի քանի տարբեր կետերից անվճար ջուր, հյութեր, քաղցրավենիք և ծաղիկներ բաժանող ընկերությունները, ինչը իսկական քաոս էր առաջացրել տարածքում:
Մարդիկ մետրերով հերթ էին կանգնում՝ հյուրասիրությունից օգտվելու համար, հրմշտում էին իրար և բողոքում, որ իրենց ինչ-որ բան քիչ է հասել: Որոշ քաղաքացիներ, տեսնելով անվճար հյութերի սեղանիկները, նետվում էին դրանց վրա, վերցնում այնքան, որ այլևս հնարավոր չէր ձեռքում պահել, ապա գրկում էին շշերը և տեղափոխվելով քիչ այն կողմ՝ տեղավորում տոպրակների մեջ ու մոտենում հաջորդ անվճար սեղանիկին:
«Այ սենց են տանում, թե չէ՝ հատ-հատ: Սովորեք, է»,- պարծենում էր մի տարեց կին, որին կարճ ժամանակում հաջողվել էր թոռնիկի հետ մի հսկա տոպրակ անվճար հյութ հավաքել:
Կանայք, տղամարդիկ և երեխաները հյութերն ու ջրի շշերը տարածքից հեռացնում էին տոպրակներով, ուսապարկերով և անգամ բաճկոնի մեջ փաթաթած: Շատերը մոռանում էին, որ այդ բեռով հուշահամալիր բարձրանալը դժվար կլինի, և կեսճանապարհից արդեն տաքացած ջրի շշերը նետում էին կանաչապատ տարածքը, ծառերի կողքը և շարունակում ճանապարհը:
Նրանք այնքան էին կուրացել անվճար ջրի ու հյութի առկայությունից, որ մի պահ, երբ հյութ բաժանողները դադարեցրին բաժանել՝ պատճառաբանելով, որ դրել են սառնարանում՝ սառչի, մի քանի ուսուցչունի իսկական իրարանցում սարքեցին տեղում և խուճապի մատնված լրագրող էին փնտրում, ով լուսաբաներ իր հանդեպ կիրառված անարդար վերաբերմունքը: Այդ պահին շատ քչերն էին հիշում, թե ինչի համար են եկել, և որն է այնտեղ գալու իրենց նպատակը:
Նկարագրված տեսարանի, ինչպես նաև ծաղկավաճառների պատճառով տարածքում առաջացած խայտառակ վիճակը կարող եք դիտել տեսանյութում:










































