Վրաստանը խնդրահարույց սահմաններ ունի ոչ միայն հակամարտության գոտիների, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ: Այս մասին Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում երեքշաբթի երեկոյան հեռարձակված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` հերթական աղմկալի սկանդալի պատճառ դառնալով։ «Նախ պետք է հստակեցնել մեր սահմանները, ապա դրանք պաշտպանել: Մենք խնդրահարույց սահմաններ ունենք ոչ միայն հակամարտության գոտիների, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ: Նախկինում այդ երկրների հետ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներ էին գործում: Հետագայում, սակայն, դրանք ինչ-ինչ պատճառներով դադարեցրել են աշխատանքը»,- պնդում էր Վրաստանի նախագահը:
Սալոմե Զուրաբիշվիլիի այս հայտարարությունը Վրաստանում ներքաղաքական փոթորիկ է առաջացրել: Վրացական ընդդիմության առաջնորդների համոզմամբ, Հայաստանի և Ադրբեջանի հետ Աբխազիան և Հարավային Օսիան նույն հարթության վրա դիտարկելով` երկրի նախագահը անուղղակիորեն ճանաչել է վերջինների անկախությունը:
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ մինչդեռ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆիքսել է այն փաստը, որ Վրաստանը մինչ այսօր չունի ֆիքսված սահման Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ «Խոսել է այն մասին, որ այն հանրապետությունների հետ, որոնց հետ Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի՝ գործընթացը պետք է ավարտին հասցնել։ Սա շարունակությունն է այս տարվա իր այցերի ժամանակ հնչեցրած այն գաղափարի, որ գործընթացը 90-ականներից շարունակվում է և քանի որ միջպետական հարաբերություններում դրական դինամիկա է՝թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի հետ, պետք է ավարտին հասցնել։ Ինքը նաև շեշտեց, որ եթե մենք ուզում ենք կայանալ որպես պետություն, ապա պետք է նաև մեր սահմանները ֆիքսել՝ ինչը բավականին դրական հայտարարություն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մելիքյանն արձանագրում է՝ այսօր միակ սահմանը, որը միջպետական պայմանագրերով ֆիքսած է՝ վրաց-թուրքականն է. «Հայկական մամուլում ես գրեթե չտեսա անդրադարձ այն փաստին, որ երբ իրեն Դավիթ Գարեջիի թեմայով հարց տրվեց՝ ձեր անձնակա՞ն նախաձեռնությունն էր Բաքվում այդ հարցը բարձրացնել, նա պատասխանեց՝ նախագահը, ըստ Սահմանադրության, լիազորված չէ արտաքին քաղաքական հարցերով հանդես գալ, ու բոլոր իր քայլերը համաձայնեցված են կառավարության հետ։ Սրանով նա փաստեց, որ սա ոչ միայն իր սեփական, այլ կառավարության նախաձեռնությունն էր։ Նույնիսկ այն բարդությունները, որ ի հայտ եկան վրաց-ադրբեջանական հարաբերություններում իր հայտարարությունից հետո, պարզ դարձավ, որ նախագահի միջոցով իշխող թիմը Բաքվին մեսիջ հղեց՝ առ այն, որ եթե կան բարիդրացիական հարաբերութուններ, սահմանային որևէ խնդիր չպետք է ունենանք։ Ընդ որում` նա այդ հարցազրույցի ժամանակ բավականին հետաքրքիր մտքեր հնչեցրեց՝ նորմանդական ֆորմատը ռուս-վրացական հարաբերությունների համար և այլն։ Սա Վրաստանի ներքաղաքական բարդ շրջանում իրեն կդարձնի քննադատությունների թիրախ, բայց սա այն ամենն է, ինչ դուրս բերվեց և կդառնա քննարկումների առարկա։ Մենք կառավարության որոշ քայլերից կարող ենք առաջիկայում հասկանալ, թե ինչ գործընթացներ կլինեն»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ սահմանների հստակեցման հարցը Թբիլիսին փորձելու է արագացնել. «Ինչու ոչ, ես չեմ տեսնում որևէ խնդիր մեր կողմից։ Ավելի շատ բարդ պրոցես է վրաց-ադրբեջանականը՝ Դավիթ Գարեջիի թեման, եկեղեցու հատուկ դիրքորոշումը նկատի ունենալով։ Հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը նաև կապված է վրաց-ադրբեջանականի հետ։ Եթե այնտեղ առաջընթաց լինի, առաջընթաց կլինի նաև հայ-վրացական սահմանի հետ կապված»։
Փորձագետը չի կարծում, թե այդ գործընթացի ժամանակ երկկողմ հարաբերություններում խնդիրներ կառաջանան։ «Հանձնաժողովը երկար տարիներ աշխատում է, գուցե վերջին տարիներին աշխատանքը պասիվ է, բայց երկկողմանի գործընթաց է։ Եթե մի կողմը ցանկություն ունի, մյուսի հետ համագործակցելով՝ համաձայնության են գալիս ու ակտիվացնում գործընթացը։ Դա ես այսօր չեմ տեսնում Ադրբեջանի պարագայում՝ քանի որ իրենք փակուղու մեջ են հարաբերությունների այս հարցի շուրջ։ Ադրբեջանական քարոզչությունը բոլոր կոթողները և եկեղեցիները կոչում են ալբանական, այդ տրամաբանությամբ նաև Գարեջին։ Սա փակուղային իրավիճակ է ստեղծում։ Կա վրաց Ուղղափառ եկեղեցու կոնկրետ մոտեցումը։ Հիշեցնեմ՝ երբ նորընտիր վարչապետն այցելում էր Բաքու, իրեն նամակ հղվեց, որտեղ եկեղեցին դիմում էր Վրաստանի կառավարությանը՝ իրենց շահերը պաշտպանելու, եկեղեցու պատկանելության հարցը լուծելու հետ կապված։ Ինչքան ես եմ հասկանում՝ Վրաստանում ցանկություն կա գործընթացն արագացնելու, բայց զուգահեռ չեմ տեսնում պատրաստակամություն Բաքվում։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանում սպասում են, որ ընտրությունների միջոցով Վրաստանում իշխանափոխություն լինի, այս իշխանությունների օրոք այդ հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն։ Այո՛, ցույց է տրվում ռազմական համագործակցություն, բայց իշխող էլիտաների կոնտակտները միմյանց հետ բարդ են, Դավիթ Գարեջիի հետ կապված հարցը այդ հարաբերությունները ավելի են բարդացրել։ Ամեն ինչը կոչելով ալբանական, Բաքուն փակել է Վրաստանի հետ այդ հարցը լուծելու հնարավորությունը»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը։









































