ԱՄՆ-ը կվերանայի Պաղեստինի օգնության հարցը, եթե ՀԱՄԱՍ շարժման հետ կառավարություն ձևավորելու Պաղեստինի ղեկավարության որոշումն իրականացվի: Այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում ասել է Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը:
«Ցանկացած պաղեստինյան կառավարություն պետք է հստակ և բացահայտ հրաժարվի բռնությունից, ճանաչի Իսրայել պետությունը, համաձայնի պահպանել կողմերի նախկին պայմանավորվածություններն ու պարտավորությունները»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ եթե պաղեստինյան նոր կառավարություն ստեղծվի, իրենք կգնահատեն կառավարության գործունեությունը՝ ելնելով նշված սկզբունքների նկատմամբ դրա հակվածությունից:
«(Պաղեստինցիներին) մեր օգնության ապագան կորոշվի ԱՄՆ օրենքների համաձայն»,- հավելել է վարչակազմի ներկայացուցիչը:
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ը դեմ է Իսրայելի հետ խաղաղ բանակցություններին:









































