Հայաստանը շուտով դառնալու է մեքենաների գերեզմանոց: Հայաստանից այլևս մեքենաներ չեն գնում: Այս մասին ահազանգում են Հայաստանի ավտոներկրողները: Նրանք ավտոմաքսատան հերթերից ու այլ խնդիրներից զատ՝ ներկայումս էլ մեկ այլ խնդրի են բախվել՝ չեն կարողանում վաճառել իրենց ներկրած մեքենաները:
Նշենք, որ սովորաբար հայ ավտոներկրողները Ճապոնիայից, ԱՄՆ-ից մեքենաները ներկրում էին, բերում Վրաստան, ապա մաքսազերծելով այդ մեքենաները՝ հիմնականում վաճառում էին ռուսներին կամ ղազախներին: Վերջիններս գալիս էին Հայաստան, գնում մեքենաները և տանում իրենց երկիր: Ավտոներկրողների խոսքով, սակայն, ներկայումս Հայաստանում ավելի շատ ռուս և Ղազախստանի քաղաքացի կա, քան հայ, քանի որ վերջիններս մեխանիզմ են գտել, որով այլևս Հայաստանից մեքենա չեն գնում, այլ հենց իրենք են պատվիրում մեքենաները դրսից, ապա գնում են Վրաստան, բերում են, մաքսազերծում են մեքենաները և հայկական համարներով դրանք տանում իրենց երկրներ: Իսկ դա հնարավոր է դառնում Հայաստանից բնակության վայրի մասին տեղեկանքի միջոցով:
«Նախկինում իրենց թույլ էին տալիս բնակության վայրի տեղեկանքով Հայաստանից մեքենա գնել, իսկ հիմա նրանք, որպես ԵԱՏՄ անդամ երկրի ներկայացուցիչ, հասկացել են, որ կարող են Ճապոնիայից, Դուբայից, Թբիլիսիից մեքենա առնել, բերել իրենց ձեռքով ռաստամոշկա անել ու տանել: Բայց սա աբսուրդ ա, էսպիսի բան չի կարող լինել: Հայաստանը դառնալու է գերեզմանոց: Հայաստանից այլևս ոչ մի մեքենա չեն առնում: Արդեն երկու ամիս է՝ գրեթե մեքենա չի վաճառվում Հայաստանից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Կարապետ Բայաթյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Վրաստանում էլ են ելք գտել. քանի որ այնտեղ էլ շատ մեքենաներ են կուտակվել, վրացի ներկրողները Ռուսաստանի քաղաքացի են գտնում, որը Հայաստանից վերցնում է այդ բնակության վայրի տեղեկանքը, դրանով վրացիները բերում են Հայաստան իրենց մեքենաները, մաքսազերծում են, հայկական համարներ են հանում և նորից քշում-գնում են Վրաստան, որպեսզի նոր տարուց հետո հայկական համարներով մեքենաները հայտնվեն վրացական ավտոշուկայում ու այնտեղից վաճառվի միանգամից: Այդ պարագայում Հայաստանից այլևս ոչ մեկը մեքենա չի գնի:
«Ես վրացի գիտեմ, որ երկու օրվա մեջ արդեն 30-40 մեքենա, օրը մի տրայլեր մեքենա է բերում գրանցում, համար ա հանում և քշում գնում ա Վրաստան: Ինքը գիտի, որ նոր տարուց հետո ռուսը, ղազախը կգան իր մոտից կառնեն գրանցված պատրաստ մեքենաները, ու կքշի կգնա: Ստացվում է, որ մենք իզուր էլ էդքան մեքենա բերեցինք կամ բերում ենք, մեզանից էլ ոչ մեկը մեքենա չի գնում: Շատ լավ է, որ ուրիշ երկրի քաղաքացին կարող է գալ Հայաստանից բնակության վայրի տեղեկանքով մեքենա գնել, բայց պետք է սահմանափակում դրվի, որ նա չկարողանա այդ տեղեկանքով ներմուծում իրականացնել, քանի որ այդ պարագայում հայաստանցի ներկրողները հայտնվում են անհավասար պայմաններում: Ռուսն ու ղազախը փաստացի շրջանցում են մեզ, հայկական շուկան: Պետությունը պետք է նման բան թույլ չտա»,- ասաց Կարապետը՝ հավելելով, որ մենակ երեկ, երբ ինքը հայ-վրացական սահմանն էր հատում, Ղազախստանի մի քաղաքացի 18 մեքենա էր գնել Վրաստանից և բերում էր Հայաստան, որպեսզի մաքսազերծի ու տանի: Իսկ նախկինում այդ մեքենաները գնվում էին հայկական շուկայից: Ղազախը, ռուսը Վրաստան չէին հասնում:
Մեր զրուցակից ավտոներկրողների խոսքով՝ եթե մեկ տարով երկարացվելու է մաքսային գործող դրույքաչափերը, ապա պետությունը պետք է սահմանափակում կիրառի, թույլ չտա, որ ուրիշ երկրի քաղաքացիները Հայաստանից վերցրած բնակության վայրի տեղեկանքով ներմուծում իրականացնեն: «Թող մեքենա գնեն՝ ինչքան ուզում են, բայց նրանց կողմից ներմուծման սահմանափակում պետք է կիրառվի»,- ասացին մեր զրուցակիցները:










































