Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը մտադրություն ունի մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում հերթական մրցաշրջանի մեկնարկից առաջ: «Կապտանռնագույններ»-ը պատրաստվում են 6 կամ 7 նոր ֆուտբոլիստների իրավունքներ գնել` տրանսֆերային գործարքներին ուղղելով 100 մլն եվրո:
Թիմը կլքեն այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Վիկտոր Վալդեսը, Խոսե Մանուել Պինտոն, Կառլես Պույոլը, Դանիել Ալվեսը, Կրիստիան Տելյոն և այլք: Հարցականի տակ է կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ապագան, ում ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ինչպես նաև հարձակվող Ալեքսիս Սանչեսի ճակատագիրը: Վերջինս Թուրինի «Յուվենթուս»-ի ուշադրության կենտրոնում է:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ն պաշտոնապես բողոքարկել է ՖԻՖԱ-ի որոշումը` առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ գործարքներ կատարելու արգելքի վերաբերյալ:Մինչև վերջնական որոշման կայացումը ակումբը ներքին և միջազգային տրանսֆերներ իրականացնելու իրավունք է ստացել:








































