ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ բացահայտումներ է արել նախկին իշխանությունների կողմից իրականացված մի շարք հանցագործությունների մասին։
Բարսեղյանը, ի թիվս այլ ուշագրավ բացահայտումների, նշել է, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին. «Կոնկրետ կարող եմ ասել, որ բավականին լուրջ տեղեկատվություն էր ստանում, օրինակ, ԱՄՆ դեսպանատանը աշխատող հայազգի Լիլիթ Օհանյանի բնակարանից, որտեղ գաղտնալսման սարքեր էին տեղադրված, և որտեղ հավաքվում էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսը և ԱՄՆ փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնը։ Նրանք իրենց բոլոր զեկույցներում, սկսած 2008թ. Սերժ Սարգսյանի ընտրվելուց, և այնուհետ, զեկուցում էին, որ երկրում տիրում է թալան։
Մենք դրա վերաբերյալ զեկուցում էինք Գորիկ Հակոբյանին, որն էլ զեկուցում էր Սերժ Սարգսյանին։ Այդ ֆինանսական յուրացումների և ընդհանրապես երկրում օրինականության սահմանափակման առնչությամբ Ս. Սարգսյանի պատասխանատվությունը այնքան էր մեծացել, որ ամերիկյան և ընդհանրապես միջազգային կառույցներն աղմկում էին դրա վերաբերյալ իրենց ղեկավարներին։ Բոլորը իրենց գաղտնի զեկույցներում, որոնց մենք ընթացքում գաղտնալսում էինք, զեկուցում էին իրենց ղեկավարությանը, որ Հայաստանը հետընթաց է ապրում, և անհրաժեշտ է Հայաստանին պատժել»։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ տվյալ գործչի կողմից հնչեցվել են որոշ մտքեր, որոնցով իրավապահ համակարգը պետք է զբաղվի: «Եթե կային նման տեղեկություններ, և նախկինում դրանք չեն հնչեցվել, դա նույնպես քրեական պատասխանատվություն է ենթադրում, որովհետև հանցագործության մասին իմանալը և չտեղեկացնելը համապատասխան կառույցներին քրեական պատասխանատվություն է առաջացնում։ Տվյալ անձը պետք է կանչվի հարցաքննության։ Երկրորդ՝ տվյալ անձնավորությունը ժամանակին ԱԱԾ բարձրաստիճան ղեկավար է եղել, բնականաբար ոստիկանությունը չէ, որ պետք է գաղտնալսող սարքեր դներ մի բնակարանում, որտեղ հավաքվում են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ։ Դա կարող էր անել միայն ԱԱԾ կառույցը. դնենք մի կողմ՝ դա օրինակա՞ն էր, թե՞ ոչ։ Այստեղ երկրորդ հարցն է առաջանում՝ տվյալ անձը կանչվե՞լ է ԱԱԾ ներքին գաղտնիքները հրապարակելու համար։ Փաստորեն նա ծառայողական գաղտնիքներ է հրապարակել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Օրերս մեզ հետ զրույցում անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա է դրական դինամիկա, Արմեն Բադալյանն ընդգծել էր՝ դիվանագիտության մեջ հաճախ հայտարարում են մի բան, նկատի ունենում բոլորովին այլ բան։ ԱՄՆ դեսպանատան հետ կապված հայտարարությունները ևս դրա վկայությունն էին. «Դա իրականացվում է բոլոր երկրներում։ ԱՄՆ դեսպանատունը և պետական կառույցները կարող են հրապարակային մի կարծիք հնչեցնել, բայց մենք ծանոթ ենք Վիկիլիքսի հրապարակումներին, այնտեղ բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես են ՀՀ պաշտոնյաները ԱՄՆ դեսպանատանը քննարկումներ ունեցել ու հնչեցրել բոլորովին այլ տեսակետներ, քան նրանք հրապարակային են հնչեցնում։ Փաստորեն՝ չնայած ԱՄՆ դեսպանատունը ընտրությունները միշտ համարում էր մի քայլ առաջ դեպի ժողովրդավարություն, սակայն Վիկիլիքսի տեղեկությունների մեջ տեսնում էինք, որ դեսպանատան աշխատակիցները Պետդեպ բոլորովին այլ բովանդակության զեկույցներ էին ուղարկում»։
Ըստ մեր զրուցակցի՝ խնդիրն այն է, թե որքանով էր այդ գաղտնալսումը համապատասխանում օրենքին իրավական տեսանկյունից. «Քաղաքական տեսանկյունից նոր բան չկա՝ խոսում են մի բան, զեկույց ուղարկում բոլորովին այլ բովանդակությամբ։ Հիմա ԱԱԾ նախկին պաշտոնյան պետք է նաև պատասխանի, թե ինչու է այսքան ակտիվացել ու տեղեկատվական առիթներ ստեղծում և նման տեղեկություններ տարածում։ Կան մի քանի հարցեր, որոնցով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն»։
Փորձագետի դիտարկմամբ՝ որևէ նորություն չէ նաև այն հանգամանքը, որ Արևմուտքը քննադատել է ՀՀ երրորդ նախագահին: «Արտասահմանյան շատ հիմնադրամների ներկայացուցիչներ նրանից միշտ էլ դժգոհել են, սա նոր բացահայտում չէ»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։
ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը մինչդեռ հիշեցնում է՝ 2008 թվականին ԱՄՆ-ը որևէ կերպ չի ասել, որ ընտրությունները մեկ քայլ առաջ էին: «Ավելին՝ ԱՄՆ նախագահն այդպես էլ չշնորհավորեց Սերժ Սարգսյանին։ Եվ նաև հենց 2008-ից հետո՝ որպես բողոքի նշան ընտրությունների կեղծման և Մարտի 1-ի իրադարձությունների, ԱՄՆ-ը դադարեցրեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը։ Այնպես որ՝ 2008 թվականին ամերիկյան իշխանությունները շատ կոշտ գնահատական են տվել, ՀՀ նախագահն էլ որևէ շնորհավորական ուղերձ չի ստացել ամերիկյան իշխանություններից։ Այս մասով ԱԱԾ նախկին գեներալի ներկայացրածը իրականություն կարող է լինել, իսկապես շատ կոշտ զեկույցներ են գնացել։ Դա նաև արտացոլվել է Հայաստանի նկատմամբ ամերիկյան իշխանությունների քաղաքականության վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ, ըստ մեր զրուցակցի, այս բացահայտումն այժմ ոչինչ չի փոխի. «Բոլոր դեսպանատներն էլ իրենց արտաքին գործերի նախարարություններին զեկույցներ են ուղարկում՝ դա ընդունված պրակտիկա է, հայկական դեսպանատներն էլ մեր ԱԳՆ-ին են ուղարկում։ Դա անօրինական ու անհասկանալի չի եղել»։
Փորձագետն ուշագրավ է համարում, որ Հայաստանի իշխանություններն իմացել են՝ ինչ զեկույցներ են գնում ԱՄՆ. «Հետաքրքիրն այն է, որ հետագայում ավելի մեղմ գնահատականներ էին հնչում ԱՄՆ-ից, կոչ էր արվում Սերժ Սարգսյանի հետ համագործակցության եզրեր գտնել։ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչն, օրինակ, ասում էր, որ շատ արդյունավետ աշխատել են Սերժ Սարգսյանի հետ՝ որպես պաշտպանության նախարար, ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Ըստ երևույթին Սերժ Սարգսյանն իմացել է, որ կոշտ զեկույցներ են գնում Սպիտակ տուն ու փորձել է համագործակցության եզրեր գտնել ամերիկյան իշխանությունների հետ, գուցե դրանք եղել են հայ-թուրքական արձանագրությունները»։







































