«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
-Պարոն Ենոքյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երեկվա հարցազրույցում դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգին: Ըստ Ձեզ՝ դեմ լինելու պատճառը հետագայում մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկությո՞ւնն է:
–Միարժեքորեն: Ես կարծում եմ, որ երբ Սերժ Սարգսյանն առաջարկեց այդ սահմանադրական բարեփոխումները և միաժամանակ հայտարարեց, որ ինքը մտադրություն չունի նախագահի կամ վարչապետի պաշտոնում լինել, նա ակնկալում էր, որ նմանատիպ մի հայտարարություն էլ Քոչարյանը կանի: Բայց ինչպես տեսնում ենք, Ռոբերտ Քոչարյանը տրամագծորեն հակառակ մոտեցում ունի՝ մտածում կամ ենթադրում է, որ ինքը կվերադառնա բարձր պաշտոնի, եթե սահմանադրական բարեփոխումները չհաջողվեն՝ նախագահ, եթե հաջողվեն՝ վարչապետ:
–Հարցազրույցում Քոչարյանն իհարկե ոչ ուղղակի, այնուամենայնիվ դրական է արտահայտվում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին: Հնարավո՞ր է ինչ-որ փուլում Քոչարյանն ու Աբրահամյանը դուրս գան իշխանությունների դեմ:
–Ընդհանրապես գործընթացներին և մամուլի հրապարակումներին հետևելով՝ տպավորություն է ստեղծվում, որ Հովիկ Աբրահամյանը կիսաիշխանավոր է, այսինքն՝ ըստ էության, Հովիկ Աբրահամյանի նշանակումը մեծ չափով կոմպրոմիս էր Գագիկ Ծառուկյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմի հետ: Այսինքն՝ կատարվեց նրանց ուզած փոփոխությունը: Մենք տեսանք, որ դրա վերաբերյալ քննադատաբար էին արտահայտվել քառյակի մնացած բոլոր անդամները, բայց ասենք՝ «Բարգավաճ Հայաստան»-ը գոհ էր այն ամենից, ինչին նա հասավ:
–Քոչարյանի տարեվերջյան հարցազրույցները հիմնականում քննադատում էին վարչապետին և նրա կառավարությանը: Հիմա արդեն տեսնո՞ւմ եք կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված քայլեր: Արդյո՞ք փորձ է անում ինքն իրեն տարանջատել այս իշխանություններից:
–Ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանի հանդեպ քննադատությունը քննադատություն է Սերժ Սարգսյանի հանդեպ: Տիգրան Սարգսյանն ինչ-որ տեղ բուֆերի դեր էր խաղում, որը հաղթահարելուց հետո նոր կանցնեին Սերժ Սարգսյանին: Հիմա կարծես այդ բուֆերը հաղթահարվել է և բնական է, որ այդ քննադատությունն ուղղված է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը:
–Ինչի՞ կարող է հանգեցնել այս ամենը: Նա նախկինում էլ անդրադառնում էր այն խնդիրներին, որոնց դեմ հասարակական ընդվզում կար: Կարծում եք՝ այս ամենով արագացնո՞ւմ է գործընթացները:
-Կարծում եմ՝ այո: Քոչարյանն արագացնում է գործընթացները, նա ենթադրում է, որ կկարողանա ստեղծել մինչև հերթական ընտրությունները որոշակի իրավիճակ, որտեղ կկարողանա լուծել իշխանափոխության հարցը՝ մանավանդ որ նրան սպառնում են սահմանադրական բարեփոխումներ: Այսինքն՝ մինչև սահմանադրական բարեփոխումները կփորձի արագացնել գործընթացը:
–Ձեր տպավորությամբ, իր շուրջը հասարակությունը կհամախմբվի՞, թե՞ այնուամենայնիվ մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կխանգարեն դրան:
–Եթե մարտի մեկի պայմանական զոհը՝ Հայ ազգային կոնգրեսը, և մարտի մեկի կատարողներից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, կարողացել են համախմբվել, կարողացել են վեր կանգնել էլեմենտար բարոյական ամբիցիաներից և քաղաքական ամբիցիաների համար համախմբվել են, ես կարծում եմ, որ նրանք իրենց էլեկտորատներին նույնպես որոշակի աշխատանքի դեպքում կկարողանան համախմբել՝ մանավանդ որ հասարակության զգալի զանգվածի հիշողությունը կարճ է, և մարտի մեկը շատ հանգիստ սերմացուով կամ կարտոֆիլով կամոքեն:
–Իսկ քաղաքացիական հասարակությո՞ւնը:
–Քաղաքացիական հասարակություն ասածն այնքան բազմաշերտ է, նրանք էլ կունենան իրենց ՀԿ-ները, իրենց քաղաքացիական հասարակությունները: Օրինակ՝ շատ հմտորեն օգտագործեցին «Դեմ եմ»-ին իրենց նպատակների համար: Չեմ կարծում, թե քաղաքացիական հասարակության դիմադրությունը կլինի շատ հնչեղ:







































