Մեծ Բրիտանիայի քաղաքացին միանգամից 3,75 միլիոն ֆունտ-սթերլինգ է շահել ազարտային առցանց խաղերի շնորհիվ։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։
Հոկտեմբերի սկզբին ութ երեխաների գործազուրկ հայրը՝ Թոմաս Ռոշը, խաղային կայքի վրա 60 ֆունտ սթերլինգ է ծախսել և միլիոնատեր է դարձել։ 30-ամյա տղամարդը գիշերվա կեսին արթնացրել է հարևաններին, որպեսզի պատմի իր հաղթանակի մասին։
«Սկզբում ես միայն 16 ֆունտ շահեցի, բայց հետո մի որոշ ժամանակով հեռացա համակարգչից, իսկ երբ վերադարձա, էկրանին ջեքփոթն էր,- հիշում է նա։ — Ես չէի հավատում աչքերիս և զանգահարեցի բանկի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք հաստատեին իմ հաշվի վրա գումարի առկայությունը։ Մրցանակն իրոք տեղում էր»։
Շահած գումարով Ռոշն ու իր 30-ամյա կինը՝ Շելին, արդեն հինգ մեքենա և կվադրոցիկլ են գնել։ Հիմա բազմազավակ ընտանիքը շքեղ առանձնատուն է տեղափոխվում։
«Տունը ծովի մոտակայքում է գտնվում, ես միշտ երազել եմ ապրել ծովափին»,- պատմել է Շելին։









































