«Այս հարցազրույցն ամբողջովին քննադատություն է իշխանությունների հասցեին: Բերենք ընդամենը մեկ օրինակ, հենց առաջին նախադասությունը՝ «իշխանությունների մտադրությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության բացակայության պատճառով ես ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններից»: Այսինքն՝ ըստ նրա՝ իշխանությունների գործունեությունը հրապարակային չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի քննադատություններին՝ կապված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ, և այն դիտարկումներին, թե նա իր վերադարձի համար այդկերպ հող է նախապատրաստում, փորձագետն ասաց. «Հայաստանի ինքնիշխանության մակարդակն այնքան է ընկել, որ այստեղ չի որոշվելու, թե ով կլինի Հայաստանի ապագա վարչապետը կամ նախագահը:
Երբ նա նշում է, որ այդ բարեփոխումները չպետք է ծառայեն կառավարվող էլիտայի սպասարկմանը և չդառնան նրա վերարտադրման գործիք, ապա իր ժամանակ ամեն ինչ ծառայել է հենց կառավարող էլիտայի սպասարկմանը և դրա վերարտադրման գործիք դարձել:
Կվերադառնա՞ Քոչարյանը, թե՞ ոչ, իհարկե՝ նա է որոշելու, բայց կդառնա նա Հայաստանի ղեկավար, թե ոչ՝ դա այլևս Հայաստանի հասարակությունից չի կախված, այլ կախված է Մոսկվայի ցանկությունից»:
Մեր այն հարցին՝ ի՞նչ տողատակ ունի Հովիկ Աբրահամյանի հասցեին ոչ ուղղակի, այնուամենայնիվ՝ դրական արտահայտվելը, Ա. Բադալյանն ասաց. «Նա նշում է, որ իր նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել, իսկ թե ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Այստեղ կարող ենք երկու բան հասկանալ՝ նա չեզոք գնահատական է տալիս գործող վարչապետին, որովհետև իրոք չգիտենք, թե ինչպիսի վարչապետ կլինի Հովիկ Աբրահամյանը:
Կարող ենք այլ զուգահեռ անցկացնել՝ Հովիկ Աբրահամյանը, լինելով վարչապետ, միակ մարդը չէ, որ ժամանակին նախարար և փոխվարչապետ է եղել, ժամանակին նախարար է եղել այսօրվա պաշտպանության նախարարը: Այսպիսով՝ արդյոք սա իսկապե՞ս դրական գնահատական է գործող վարչապետին, թե՞, այսպես ասած, անուղղակի քննադատություն գործող նախագահին, որ եթե մարդ ժամանակին լավ նախարար է լինում, դա չի նշանակում, թե նա կարող է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել ու ավելի լավ աշխատել»:
Հետաքրքրվեցինք նաև՝ եթե Քոչարյանը նախկին հարցազրույցներում ուղղակիորեն քննադատում էր վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրա թիմին, ապա կարելի՞ է ասել, որ այս անգամ սլաքներն ուղղված են կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ, Արմեն Բադալյանն ասաց. «Երկրորդ նախագահն ամեն ինչ անում է, որ տարանջատվի այսօրվա քաղաքականությունից, և հարցազրույցում էլ կա դրա պատասխաններից մեկը, հենց վերջին նախադասությունը՝ «ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»: Նա ուղղակի արդեն բաց տեքստով նշում է իշխանությունների գործունեության ողբալի արդյունքի մասին:
Իսկ ո՞վ է այսօր մեր իշխանությունը, և ո՞վ է որոշում ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ Սերժ Սարգսյանը: Քոչարյանը ցանկանում է նրանից տարանջատվել, բայց դա նրան չի հաջողվի, որովհետև այնքան է նույնականացված այսօրվա իշխանություններին, որ ինչքան էլ հարցազրույց տա, նրա գործունեությունից ոչինչ չի մոռացվի»:
Արմեն Բադալյանն անդրադարձավ նաև Ռ. Քոչարյանի հարցազրույցի մեկ այլ հատվածին, որում ասվում է, որ նա ժամանակին կամավոր հեռացավ պաշտոնից ու չկառչեց որևէ այլ պաշտոնից. «Նա կամավո՞ր հեռացավ ու չկառչե՞ց որևէ պաշտոնից, թե՞ Մարտի 1-ը խանգարեց նրա վարչապետ լինելու ծրագրերին: Այնպես որ՝ նա, իհարկե, շատ կցանկանար տարանջատվել իշխանություններից, բայց դա նրան չի հաջողվի»,- եզրափակեց փորձագետը:









































