ԵՊՀ-ի անվտանգության մի խումբ աշխատակիցներ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «ԵՊՀ անվտանգության համակարգի աշխատակիցները, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց վրա դրված՝ ԲՈՒՀ-ի անվտանգությունը ապահովելու բոլոր պարտականությունները, սույն թվականի մայիսի 1-ից դառնալու են գործազուրկ:
Գործընթաց, որը իրականացվում է ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի թեթև ձեռամբ և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հովանավորչությամբ: Իսկ խնդիրը նրանում է, որ ԵՊՀ-ում որոշում է կայացվել մասնավորեցնել ԲՈՒՀ-ի անվտանգության համակարգը, որի արդյունքում ԲՈՒՀի անվտանգությունը կվստահվի ինչ-որ մասնավոր ընկերության, իսկ մենք՝ ԵՊՀ անվտանգության ներկայիս աշխատակիցները, մնալու ենք առանց մեր աշխատանքի՝ որով մի կերպ պահում ենք մեր ընտանիքները , դառնալով գործազուրկ: Ի դեպ, մեզ արդեն տրվել են համապատասխան ծանուցումներ ԲՈՒՀ-ի ռեկտոր Արամի Սիմոնյանի ստորագրությամբ և ԲՈՒՀ-ի կնիքով, որով մեզ պաշտոնապես ծանուցվում է, որ մենք՝ ԵՊՀ անվտանգության համակարգի ավելի քան 70 աշխատակիցներս, մայիսի 1-ից դառնալու ենք գործազուրկ, այլ կերպ ասած, ԲՈՒՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը անձամբ մեզ բոլորիս տեղեկացնում է, որ մենք մայիսի 1-ից չենք աշխատելու ԵՊՀ-ում: Աշխատանքը շարունակելու համար ԵՊՀ-ի կողմից մեզ առաջարկվում են այնպիսի պայմաններ, որը, այլ կերպ ասած, նշանակում է կոռեկտ ձևով մեզ հասկացնել, որ մենք ինքներս դուրս գանք աշխատանքից:
Մասնավորապես, եթե այսօր մեր աշխատավարձը կազմում է միջինում 80 000 դրամ, ապա ԵՊՀ-ի անվտանգության համակարգի մասնավորեցումից հետո մեզ առաջարկվում է շարունակել աշխատել բուհում, սակայն արդեն ընդամենը 55 000 – 60 000 դրամ աշխատավարձով, ինչը շատ ավելի ցածր է մեր ներկայիս աշխատավարձից: Սակայն նույնիսկ նման պայմաններում աշխատելու համար էլ պահանջվում է համապատասխան սերտիֆիկատ ստանալ նույն մասնավոր ընկերությունից, որը ստանձնելու է ԵՊՀ-ի անվտանգության ապահովումը, որի համար, իր հերթին, մեզանից յուրաքանչյուրը պետք է վճարի 25 000 դրամ: Մասնավորեցումից հետո չի լինելու նաև 13-րդ աշխատավարձ, իսկ արձակուրդները լինելու են մեր հաշվին: Ահա այսպիսի պայմաններ են առաջարկվում մասնավորեցումից հետո:
Այս մասին արդեն իսկ գրվել և բարձրաձայնվել է մի շարք կայքերով և լրատվամիջոցներով, սակայն այդ գործըթնացը ԵՊՀ-ում կանգ չի առել և շարունակվում է :
Խնդրում և պահանջում ենք կասեցնել այս գործընթացը և թույլ չտալ Հայաստանի Հանրապետությունում առկա գործազուրկների առանց այն էլ ստվար բանակը համալրել ևս 70 հոգով: Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր բոլոր պարտականությունները և պատրաստ ենք հետայսու ևս կատարել մեր պարտականությունները, ուստի կամայական որոշումներով մեզ հանպատրաստից գործազուրկ դարձնելը համարում ենք ապօրինի»,- նշել են հայտարարության հեղինակները:









































