Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից: Այս մասին Մարգվելաշվիլին հայտարարել է «Մաեստրո» հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի և խորհրդակցական մարմնի՝ ռուսական անձնագրերի ստացման կարգի պարզեցման մասին որոշումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Վերջին ժամանակների իրողությունները կարևոր են մեր երկրի համար, նրա պաշտպանության և ոչ միայն մեր տարածաշրջանի համար, այլև այն գլոբալ կարգի, որի ռեժիմով աշխարհն ապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն նոր միջավայրը, որը ձևավորվել է երկու աշխարհամարտերից հետո, կոնսենսունսը, որը երկրների ինքնիշխանությունը հարգելն է, և այլն: Կար այդ համաձայնությունը և գլխավոր միավորումը՝ ՄԱԿ-ը: Այն, ինչ 2008-ին սկսվեց Վրաստանում և 2014-ին խորացավ Ղրիմում, հարցականի տակ է դնում այդ գլոբալ համաձայնությունները, որոնցով աշխարհի ավելի քան 200 երկիր միմյանց հետ հարաբերություններ է վարում որոշակի սկզբունքների հիման վրա:
Կայունության խաթարումը վերաբերում է ոչ միայն Վրաստանին, ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ աշխարհին, հատկապես՝ մեր տարածաշրջանին: Բնականաբար, այդպիսի իրավիճակում ճիշտ չէր լինի հանգիստ նստել ու ասել, որ ամեն ինչ սովորականի պես է, բայց դրա հետ մեկտեղ, չպետք է հիստերիկ կերպով արձագանքել, պետք է հանգիստ գնահատել այն փոփոխությունները և վտանգները, որոնց առջև մենք կանգնած ենք»,- ասել է Մարգվելաշվիլին:
Նրա խոսքով՝ Ղրիմում կատարվածի փորձը 2008-ին տեղի ունեցավ Վրաստանում: «Այդ իրողությունների գաղափարը հետևյալն է. խախտվում է գլոբալ կարգը, և ՌԴ քաղաքականությունը մատնանշում է, որ կան հատուկ հետաքրքրության ոլորտներ՝ նախկին ԽՍՀՄ տարածքը: Բնականաբար, այս թեման լարվածություն է առաջացնում, մենք ուշադիր հետևում ենք դրան և պատրաստ ենք: Ես նախկինում էլ ասել եմ, որ այդպիսի հրատապ սպառնալիք, որը կարող էր լինել ՌԴ-ից, մենք այսօր չենք տեսնում»,- ասել է Մարգվելաշվիլին՝ նշելով, որ դա չի նշանակում, որ սպառնալիք ընդհանրապես չկա:








































