2018 թվականին բնական կատակլիզմներն ամենամեծ վնասը հասցրել են Ճապոնիայի, Ֆիլիպինների և Գերմանիայի բնակչությանը, ենթակառուցվածքին ու տնտեսությանը: Այդ մասին ասված է Germanwatch-ի անկախ փորձագետների Climate Risk Index 2020 ամենամյա հաշվետվության մեջ, որը դեկտեմբերի 4-ին ներկայացվել է Մադրիդի COP25 միջազգային կլիմայական խորհրդաժողովում։ Այս տարի Germanwatch-ը հրապարակել է իր 15-րդ վարկանիշը: Այն հիմնված է առավել հավաստի տվյալների վրա, որոնք գնահատում են էքստրեմալ եղանակային երևույթների ազդեցությունը երկրների կյանքի սոցիալ-տնտեսական ասպեկտների վրա:
«Ճապոնիան, Ֆիլիպինները և Գերմանիան վերին դիրքերն են զբաղեցրել այն երկրների ցուցակում, որոնք 2018 թվականին առավել շատ են տուժել բնական աղետներից»,- նշվում է զեկույցում:
Ինչպես ճշտում են զեկույցի հեղինակները, ամենից շատ տուժած երկրների տասնյակում հայտնվել են նաև Մադագասկարը, Հնդկաստանը, Շրի-Լանկան, Քենիան, Ռուանդան, Կանադան և Ֆիջին: Ամենամեծ կորուստները դրամական համարժեքով ունեցել են Հնդկաստանը և Ճապոնիան (37 մլրդ և 35 մլրդ ԱՄՆ դոլար՝ համապատասխանաբար): Ամենից շատ մահեր են գրանցվել Հնդկաստանում՝ 2081 մարդ, ինչպես նաև Գերմանիայում և Ճապոնիայում՝ ավելի քան 1,2 հազար մարդ։











































