Զինված ընդդիմության գրոհայինները ականանետներից կրակել են սիրիական Հոմս քաղաքի հիվանդանոցի վրա: Ինչպես փոխանցել է SANA տեղեկատվական գործակալությունը, երկու ականի պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել, իսկ 10-ը վիրավորվել են:
Հիվանդանոցը գտնվում է Զահրա թաղամասում, որտեղ ապրում են ալավիտները, տեղեկացնում են ականատեսները: Ականներ են պայթել նաև Աբասիդների հրապարակում, որտեղից նույնպես վիրավորների մասին տվյալներ կան:
Անցած ուրբաթ Հոմսում ահաբեկչության պատճառով մզկիթներից մեկի մոտ 14 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Սալմիա քաղաքում զինված ծայրահեղականներն այսօր ականապատված մեքենա են պայթեցրել: Չորս մարդ զոհվել են, ինը մարդ հիվանդանոց են տեղափոխվել:
Սիրիայի հարավում Դերաա քաղաքում ականանետներից կատարված գնդակոծման հետևանքով դպրոցի խաղահրապարակում խաղացող 14 երեխաներ են տուժել:
Հալեպում անցած 48 ժամերի ընթացքում խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների թիվը հասել է 100-ի:







































