ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ երեկ կայացած հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է շուրջ 10 միլիոն դոլար: Քի՞չ է դա, շա՞տ, թե՞ բավարար, մեկնաբանության ու քննարկման հարց է՝ կախված գնահատման չափանիշներից ու համեմատության եզրերից: Անկախ հավաքվող գումարի չափից, սակայն, մի բան ակնհայտ է՝ իր ներկայիս ձևաչափով ու գործիքակազմով «Հայաստան» համահայկական հիմնադրամը սպառել է իրեն: Խնդիրը այդ կառույցի գործունեության պրոֆեսիոնալիզմը կամ արդյունավետությունը չէ, այլ այն գաղափարաբանությունը, փիլիսոփայությունը, որ դրված է դրա հիմքում:
Անկախության առաջին տարիներին հիմնադրամի գործունեության հիմքում դրված սկզբունքներն ու արժեքներն արդարացված էին՝ համայն հայությունը սատար էր կանգնում Հայաստանին ու Արցախին հետպատերազմական ծանր իրավիճակը հաղթահարելու, կենսական խնդիրներ լուծելու համար: Դա, սակայն, շուրջ երեսուն տարի առաջ էր:
Այսօր մենք ապրում ենք միանգամայն այլ իրավիճակում, փոխվել են հանգամանքներն ու իրողությունները, Հայաստանն արդեն իսկ շատ առումներով կայացած պետություն է, զգալի առաջընթաց է արձանագրվել նաև Արցախում: Դա նշանակում է, որ պետք է փոխվեն նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի առջև դրված խնդիրներն ու առաքելությունները: Հայաստանը՝ որպես պետություն, այլևս ի վիճակի է սեփական միջոցներով ճանապարհներ ու ջրագծեր կառուցելու, ինչպես նաև աջակցելու Արցախին՝ համանման խնդիրներ լուծելու համար: Հետևաբար «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության շեշտադրումները պետք է փոխվեն, այն պետք է դառնա Հայաստանի, Արցախի և Սփյուռքի, այո՛, նաև՝ Սփյուռքի, ռազմավարական պլանավորման ու իրագործման կենտրոն՝ միանգամայն այլ ծրագրերով ու սկզբունքներով: Չպետք է բացառել դրանում նաև որոշակի բիզնես նախագծերի ներգրավման հնարավորությունը, ինչն, ի դեպ, դրվել էր Համահայկական բանկի ստեղծման հիմքում, որը, սակայն, նախկին իշխանության ապաշնորհության պատճառով տապալվեց:
Այդ նոր առաքելությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն պետք է և կարող է լուծել ոչ թե տեղական նշանակության, լոկալ խնդիրներ, այլ իրականացնել Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին միավորող համահայկական հավակնոտ ծրագրեր: Եվ դրանցում մասնակցության առյուծի բաժինը պետք է ունենա ոչ թե Սփյուռքը, ինչպես ներկայիս հեռուստամարաթոնների դեպքում, այլ Հայաստանը: Այո, Հայաստանը կարող է և պետք է դառնա այնպիսի պետություն, որն ունակ կլինի օգնելու ոչ միայն Արցախին, ինչն անում է հիմա, այլ նաև Սփյուռքին՝ որպես հավաքականություն, և սփյուռքահայերին՝ որպես անհատներ: Հենց այդպիսի փիլիսոփայական, գաղափարաբանական փոփոխության պետք է ենթարկվի «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ ըստ էության աջակցություն հայցողից դառնալով աջակցող ու օգնող:
Վաղուց ժամանակն է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներմուծել փոխադարձության սկզբունքը և Սփյուռքին ազատագրել միայն հայրենիքին օգնողի ոչ այնքան հաճելի կարգավիճակից: Այս շեշտադրումները պետք է դրվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերափոխման, եթե կուզեք՝ հեղափոխման հիմքում: Այլապես մենք ամեն տարի Գոհաբանության տոնին շունչներս պահած սպասելու ենք, թե որքան գումար է հանգանակվել՝ այն դեպքում, երբ ստացել ենք այնպիսի պետություն կերտելու հնարավորություն, որը հանգանակության ժամանակ հավաքվող գումարների բազմապատիկի չափով ինքն է ունակ ծախսելու համահայկական նպատակների իրագործման համար:
https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2886996634664378/?type=3&theater







































