Նովոսիբիրսկից թոշակառու Յուրի Բաբինը, որն ավելի շատ հայտնի է որպես «կոպեկային միլիոնատեր», RIA Novosti-ին երեկ հայտնել է, որ ցանկանում է իր սիրտն ու ձեռքը առաջարկել ՌԴ նախագահի նախկին տիկնոջը՝ Լյուդմիլա Պուտինային:
Հինգշաբթի ՌԴ նախագահը, ռուսների հետ ուղիղ եթերում ամենամյա ավանդական հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե ե՞րբ Ռուսաստանը կտեսնի նոր առաջին տիկնոջը, ասել էր, որ նախ պետք է ամուսնացնի իր առաջին կնոջը, ապա նոր մտածի իր մասին:
«Ես ազատ եմ 2008-ից ու ցանկանում եմ ձեռքս ու սիրտս առաջարկել Լյուդմիլա Ալեքսանդրովնա Պուտինային: Ես մտածել եմ այդ մասին դեռ 2 ամիս առաջ, սակայն երեկ Վլադիմիր Պուտինը ինձ ևս մեկ անգամ մտածել տվեց: Հուսով եմ՝ երազանքս կիրականանա»,- ասել է Բաբինը՝ նշելով, որ ինքը Պուտինի հասակակիցն է:
Պատասխանելով հարցին, թե ինչ եղանակով է նա պատրաստվում առաջարկություն անել Լյուդմիլա Պուտինային, Բաբինն ասել է, որ հուսով է՝ նա իր մտադրությունների մասին կիմանա ԶԼՄ-ներից:
Բաբինը որպես «կոպեկային միլիոնատեր» հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2012-ի դեկտեմբերին վաճառքի հանեց մեկ կոպեկանոց մանրադրամների իր հավաքածուն, որը կշռում էր 7.5 տոննա: Հավաքածուն նա գնահատել էր 19.9 մլն ռուբլի։











































