Ռուսների մի մասի համար Ուկրաինա մուտքի արգելքի մասին որոշումը չի հակասում ԵԱՀԿ սկզբունքներին՝ կարծում է կազմակերպության Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյի տնօրեն Յանեզ Լենարչիչը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Ինչպես երեկ տեղեկացրել էր «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը, Ուկրաինան իրեն տեղեկացրել է, որ այսուհետ 16-60 տարեկան արական սեռի ռուսների մուտքը պետք է մերժել: Ուկրաինայի սահմանային ծառայությունում հաստատել են այս տեղեկությունը՝ հստակեցնելով, որ խոսքը բոլոր տրանսպորտային միջոցներով մուտքի մասին է:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս որոշումը անվանել էր մտահոգիչ, ակնհայտ խտրական և ոչ բարեկամական:
«Ուկրաինան ներկայում բախվում է անվտանգության համար հզոր մարտահրավերի և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լուրջ սպառնալիքի: Նման պայմաններում տեղաշարժի ազատության սահմանափակումը թույլատրված է ԵԱՀԿ պարտավորություններով ու միջազգային չափորոշիչներով, եթե դրանք համարժեք են և չափազանց անհրաժեշտ»,- ասել է Լենարչիչը:








































