Ռուսաստանում հաջորդ տարվա հունվարի 1-ից աշխատանքի նոր կարգ կձևավորվի Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷՍ) անդամ երկրների քաղաքացիների համար:
Այս մասին Պետերբուրգում տեղի ունեցած «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային 2-րդ համաժողովի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը: «Նրանք կլինեն օտարերկրյա պետության քաղաքացիներ, բայց կաշխատեն ընդհանուր եվրասիական տարածքում: Բիզնեսն ու արհմիությունները պետք է նրանց հետ որոշակի հարաբերություններ ստեղծեն»,- ասել է Շոխինը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սովա» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար, հայտնի հասարակական գործիչ, իրավապաշտպան Ալեքսանդր Վերխովսկին, որը զբաղվում է ներգաղթյալների պաշտպանությամբ, միգրացիոն օրենսդրությամբ, աշխատանքային օրենսդրությամբ, ասաց, որ երբևէ չի լսել, թե նման փոփոխություններ են նախատեսվում: Թեև, նրա խոսքերով, Ռուսաստանում սա այն ոլորտն է, երբ ամեն օր հարյուրավոր նոր առաջարկներ են հնչում հանրության շրջանում առկա տրամադրությունների սպառման համար։ Մոսկվայի ընտրություններին ընդառաջ ևս հակամիգրանտական քարոզարշավ իրականացրին, շատ կոպիտ քաղաքականություն վարեցին ներգաղթյալների նկատմամբ, այսինքն՝ նրանք ցույց տվեցին, թե ինչպես կարելի է վարվել այդ մարդկանց հետ:
«Շատերը չեն սիրում դրսից եկածներին, բայց մի բան է չսիրելը, մեկ այլ բան՝ գնալ և մռութ ջարդելը, խանութներ ջարդելը: Այդ սահմանը քչերն են անցնում, և ես կարծում եմ, որ իշխանությունների քաղաքականությունը վերջին կես տարվա ընթացքում հանգեցրեց նրան, որ այդ սահմանն անցնողների թիվը երկրում մեծացել է»,- նշեց նա՝ հավելելով, որ իր համար հասկանալի չէ, թե ինչ նոր որոշումներ կարող են ընդունվել, և ինչ արտոնություններ են տրվելու այս մթնոլորտում:
Ըստ նրա՝ առաջարկություններ շատ են հնչում, միմյանց հետ չեն համաձայնեցվում: «Գուցե դրանք ձևական արտոնություններ լինեն և էական էլ չլինեն, հնարավոր է, որ դրանք իսկապես մեծ փոփոխություններ լինեն, անհասկանալի է, երբ պարզապես ասում են, թե նոր ռեժիմ է գործելու: Անհնար է գնահատել, թե ինչով է այն նախորդից տարբերվելու: Ես չեմ լսել, որ նման ծրագրեր կան, ես նույնիսկ չեմ հասկանում, թե դա ինչպես կարող է կազմակերպվել»,- ասաց նա:








































