Քիչ առաջ ավարտվեց իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, ինչպես նաև կառավարության ձևավորման հետ կապված հարցեր:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Կառավարության ձևավորման հետ կապված քննարկումներ տեղի ունեցան, ինչպես նաև այսօր մեր քաղաքապետի ծննդյան օրն էր՝ մենք շնորհավորեցինք»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ նախարարի անուն այսօր դեռ չի որոշվել:
Շարմազանովն անդրադարձավ նաև «Օրինաց Երկիր» կուսակցության՝ կոալիցիայի մաս չկազմելու վերաբերյալ հայտարարությանն ու ասաց. «Ինչ վերաբերում է մեր կոալիցիոն գործընկերների որոշմանը, ապա իրենք են որոշում իրենց տեղն ու դերը քաղաքական համակարգում: Մենք հարգանքով ենք վերաբերվում «Օրինաց Երկիր» քաղաքական ուժի հայտարարությանը, և երկրորդ՝ հավերժ կոալիցիաներ չեն լինում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում այս կամ այն իրադարձության մեջ ինչպես իրեն դրսևորի»:
Նա ընդգծեց, որ ՕԵԿ-ի երեկվա հայտարարությունը բավական կոռեկտ ու չափավոր էր և քաղաքական մշակույթի սահմանների մեջ:
«Իրենց իրավունքն է, մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած որոշմանը: Սկսած այն ժամանակվանից, ինչ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ՝ ՀՀԿ-ն ամբողջական պատասխանատվություն է կրում երկրում ընթացող քաղաքական պրոցեսների համար»:
Հարցին՝ անսպասելի՞ էր ՕԵԿ-ի որոշումը, Շարմազանովը պատասխանեց. «Քաղաքական գործչի համար քաղաքականության մեջ անսպասելի որոշումներ չպետք է լինեն, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինեն»:
Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե համարո՞ւմ է ՕԵԿ-ին ընդդիմություն, ՀՀԿ խոսնակն ասաց. «Ցանկացած քաղաքական ուժ, որը ներկայացված է ԱԺ-ում և իշխանության մեջ չէ՝ ընդդիմություն է»:
Նա չբացառեց, որ օրերից մի օր ՕԵԿ-ը կքննադատի նաև Սերժ Սարգսյանին:










































