Արմավիրից Գրետա Գրիգորյանն այսօր վաղ առավոտյան բերել է կանաչի վերավաճառելու, սակայն նրան արգելել են «Ռոսիայի» հատվածում վաճառել՝ խլելով նրա տոպրակներից մեկը:
Կինը կառավարության մոտ անհուսությունից լաց էր լինում:
«Լույսերը հինգ ամիս է՝ անջատել են, Հոկտեմբերյանից եմ եկել, փող չեմ կարում աշխատել, ինչի՞ տեր չեք կանգնում ժողովրդին… Հունվարից լույսերը անջատել են, հենց հիմա բերեք էներգետիկայի նախարարին»,- հեկեկում էր նա:
Գրետա Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցւոմ նշեց, որ անհուսությունից չգիտի՝ ինչ անի, թեև երկու դիպլոմ ունի, բայց՝ «հողերն էկել է գլխիս»:
Մարդը, նրա խոսքով, ղեկավար լինելուց առաջ լավ մարդ պետք է լինի, նոր ղեկավար, լսի ժողովրդի ձայնը, ուղեկցի:
«Հավատացեք, կոպեկներ եմ վաստակում, հացի փող մեր ուժերով: Որ գնամ շուկա կանգնեմ, էդ երկու կոպեկն էլ պետք է տիրոջը տամ, ու հացի փող էլ չկարողանամ վաստակել, սարսափելի է վիճակս»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև մի քանի դիպլոմ ունի, մի քանի լեզու գիտի, սակայն այսօր ղեկավարությունը մարդկանց ջնջոց է սարքել:
Հունվարից մինչև հիմա լույս չունեցող կինը լույս այլևս չի տեսնում երկրում: «Նաֆարիս ջարդին, Ղարաբաղյան շարժումը մեծ ողբերգություն բերեց մեզ, ոտքի չենք կարողանում կանգնել, շատ վատ ենք»,- ասաց նա:





































