Կիևի իշխանությունները պետք է ապահովեն բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունն Ուկրաինայի հասարակական կյանքին, ինչպես նաև կատարեն այլ խորհուրդներ, որոնք պարունակվում են մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի դիտորդների զեկույցում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Կիևի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ բողոքի ակցիաների ժամանակ մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը չեն մնա անպատիժ: Պետք է ապահովել ընդգրկվածություն և հավասար մասնակցություն հասարակական գործերին և հասարակական կյանքին, բացառել ԶԼՄ-ների չարաշահման հնարավորությունը, պայքարել անհանդուրժողականության ու ծայրահեղականության դեմ, ինչպես նաև ջանքեր ներդնել կոռուպցիայի վերացման համար»,- ասել է նա:
«Ուկրաինայի կառավարությունը պետք է շարունակի բարեփոխումների իրականացմանն ուղղված իր պարտավորությունների կատարումը, ինչպես նաև երաշխավորի հարգալից վերաբերմունք բնակչության բոլոր խմբերի իրավունքների նկատմամբ»,- ասել է Փաուերը:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Կիևի իշխանությունների գործողությունները, ովքեր Ուկրաինայի արևելքում գործողություն էին սկսել ռազմական տեխնիկայի կիրառմամբ, բնութագրել է որպես զգուշավոր և կշռադատված:









































